Բաքուն ցանկացած զիջման դիմաց Երևանից գին կպահանջի, անգամ գերիներին վերադարձնելու հարցում

Բաքուն ցանկացած զիջման դիմաց Երևանից գին կպահանջի, սա վերաբերում է անգամ գերիներին վերադարձնելու հարցին: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Նրա ենթադրությամբ՝ ռազմագերիների վերջին փոխանակությունը տեղի է ունեցել կա՛մ այն պատճառով, որ այս մի ադրբեջանցին Բաքվի համար հավասար էր 5 հայ ռազմագերու, կա՛մ էլի ինչ-որ բան կա:

Փորձագետը նշեց, որ մի քանի օր առաջ հանրության շրջանում քննարկում էր սկսվել Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի շուրջ իրավիճակի վերաբերյալ, չնայած մինչև վերջերս նման խոսակցություններ չկային: «Պարտադիր չէ, որ այս փաստերը միմյանց ինչ-որ կերպ կապված լինեն, բայց ամեն դեպքում Բաքուն գին կպահանջի: Դա կանգնեցնելու համար, մենք կա՛մ պետք է գերի վերցնենք 400-500 ադրբեջանցու, կա՛մ պետք է հասնենք միջազգային պատժամիջոցների, որ Ադրբեջանը զիջումների գնա: Իսկ այսօր մեր զիջումների մասին մեզ կարող են նաև չհայտնել»,- հավելեց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով հանրության վստահությունը կորցրել են ե՛ւ բանակցությունների, ե՛ւ պատերազմի ժամանակ, ե՛ւ հիմա, ընդ որում՝ նրանք չեն գիտակցում, թե ինչի է հանգեցրել իրենց քաղաքականությունը, և ինչպիսի ժառանգություն են թողնում իրենց հաջորդներին: «Ավելին՝ իշխանություններն իրենք են մանիպուլացնում գերիների հարցը, երբ հրապարակայնորեն ասում են, որ այս թեմայով խոսակցությունները վնասակար են: Եթե չես ցանկանում մանիպուլացնել, ապա կարելի է այդ տեղեկությունը հասցնել ոչ հրապարակայնորեն»,- ամփոփեց քաղաքագետը, տեղեկացնում է News.am: