Սի Ցզինպին․ Չինաստանի ու ԱՄՆ-ի բախումը աղետ կլինի աշխարհի համար

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում ասել է, որ երկու երկրների բախումը աղետի կհանգեցնի ամբողջ աշխարհի համար: Նրա խոսքով՝ համագործակցությունը Պեկինի ու Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններում միակ ընտրությունն է: Այս մասին գրում է Ria-ն։

«Չին-ամերիկյան համագործակցությունը շատ առումներով ձեռնտու է ինչպես ԱՄՆ-ին և Չինաստանին, այնպես էլ ամբողջ աշխարհին: Չինաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը միանգամայն աղետ է երկու երկրների և ամբողջ աշխարհի համար», - ասել է Չինաստանի նախագահը։

Նա ընդգծել է, որ չնայած որոշ հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներին, կողմերը պետք է լուծեն տարաձայնությունները փոխադարձ հարգանքի հիման վրա և ձգտեն խուսափել սխալ հաշվարկներից և դատողություններից:

ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Կողմերն ունեն փոխադարձ տնտեսական պահանջներ: Բացի այդ, ամերիկյան վարչակազմը Չինաստանին մեղադրում է նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրելու մեջ: Չինաստանն իր հերթին դժգոհ է Վաշինգտոնի միջամտությունից երկրի ներքին գործերին, մասնավորապես, Պեկինի ու Հոնկոնգի հարաբերություններին, տեղեկացնում է Panorama.am: