Երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն

Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհուրդը, տեղեկացնում է News.am:

«Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին կետով և 74-րդ հոդվածով, ինչպես նաև հավատարիմ մնալով «Բարձրագույն կրթության և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին, հիմք ընդունելով ԲՄԿ ՊՈՒՀ Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի (այսուհետ՝ Համալսարան) ներքին իրավական ակտերը, հաշվի առնելով ՀՌՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Բաց նամակում արտահայտված մտահոգությունները երկրում առկա հասարակական և քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ (ՍԼԱՎՈՆԱԿԱՆ) ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է իր անվերապահ աջակցությունը Համալսարանի ռեկտոր Արմեն Ռազմիկի Դարբինյանին:

Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի ստեղծման, ձևավորման և զարգացման գործում անգնահատելի է Արմեն Դարբինյանի անձնական ներդրումն ու դերակատարումը: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը ժողովուրդների բարեկամության, կայացած համագործակցության, մշակույթների և կրթական ավանդույթների, գիտական փորձի փոխադարձ հարստացման լավագույն օրինակ է, եզակի գիտակրթական միջպետական ծրագիր: Համալսարանների միջազգային վարկանիշով (QS University World Ranking EECA – 2021) երկրի լավագույն բուհ ճանաչված Համալսարանի հաջողությունը հնարավոր դարձավ հենց Արմեն Դարբինյանի՝ որպես ղեկավարի երկար տարիների նպատակասլաց, հետևողական աշխատանքի և առաջնորդական հմտությունների շնորհիվ: Արմեն Դարբինյանի կողմից իրականացվող՝ համալսարանի զարգացման ռազմավարությունը, արդյունավետ կառավարչական քաղաքականությունը և հարուստ փորձը դարձել են Համալսարանի կոլեկտիվի և ուսանողների բազմաթիվ հաղթանակների և նվաճումների գրավականը:

Համալսարանի գործունեության հիմքում դրվել են կրթությանը և գիտությանը անկեղծ ծառայության և թիմային անձնուրաց աշխատանքի սկզբունքները: Համալսարանի ռեկտորը ձևավորել է յուրօրինակ համալսարանական մթնոլորտ, որը հիմնված է այնպիսի բարձր արժեքների վրա, ինչպիսիք են Սերը, Արդարությունը, Արժանապատվությունը, Ակադեմիական Ազատությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Ճանաչողությունը և Անձնական աճը: Մենք ՀՊԱՐՏ ենք լինել այն հզոր ընտանիքի մի մասը, որը կոչվում է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարան, ՀՊԱՐՏ ենք մեր ղեկավարով, ուստի և անհիմն և ոչ իրավարաչափ ենք համարում Արմեն Դարբինյանի հրաժարականի պահանջը:

Հայտարարում ենք, որ մենք չենք հանդուրժելու որևէ արտաքին ճնշում ու շարունակելու ենք մնալ որպես ակադեմիական ազատության միջնաբերդ՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից ու հետագա վերադասավորումներից: 2. Համալսարանն իր գոյության ողջ ընթացքում դրսևորել է ապաքաղաքական և անաչառ կեցվածք՝ հավատարիմ մնալով ակադեմիական ազատության, անկախության և անաչառության սկզբունքներին: Միևնույն ժամանակ վերջին արցախյան պատերազմից հետո երկրում ստեղծված աշխարհաքաղաքական, սոցիալ-տնտեսական, հասարական և քաղաքական իրավիճակը հարկադրում է արտահայտել մեր դիրքորոշումը: Հրապարակայնորեն հայտարարում ենք՝ երկիրն այլևս չի կարող ունենալ փողոցային շարժումների արդյունքում ձևավորված իշխանություն: Այսպես կոչված «թավշյա» հեղափոխությունն ի վերջո հանգեցրեց ողբերգական հետևանքների, տարածքային և մարդկային հսկայական կորուստների և համազգային աղետի: Երկիրը նվաստացված է ու բզկտված: Իսկ իշխող ուժի որոշումը` արտահերթ ընտրություններից հրաժարվելու վերաբերյալ, ըստ էության, վերջնական դատավճիռ է պետությանը և հայ ժողովրդին: 3. Հաշվի առնելով այն ծայրաստիճան անմխիթար իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը, լիակատար փլուզումից խուսափելու նպատակով, երկիրն ու պետությունը փրկելու համար, մենք հայտարարում ենք առկա խնդիրները սահմանադրաիրավական միջոցներով լուծելու անհրաժեշտության մասին: Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը պահանջում է այնպիսի կառավարության անհապաղ ձևավորում, որում կընդգրկվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ընտրված փոխհամաձայնության սկզբունքով և օժտված քաղաքական անձեռնմխելիությամբ: Հաջորդ քայլը պետք է լինի ազատ և արդար խորհրդարանական ընտրությունների անցկացումը՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջների խիստ պահպանմամբ։

Հակառակ պարագայում` Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի Գիտական խորհուրդը գտնում է, որ ՀՀ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է անհապաղ հրաժարական տա»: