Դպրոցների և մանկապարտեզների համար սահմանափակումները մեղմացվել են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են։

«Սահմանվել է, որ դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները։ Դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը»,-նշված է որոշման մեջ։

Բացի այդ, դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Իսկ ինչ վերաբերում է մանկապարտեզներին, ապա այստեղ ընդունելություն կատարելու սահմանափակումը ևս մեղմացվել է։ Սահմանվել է, որ մանկապարտեզները ձեռնպահ են մնում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց, բացառությամբ այն հերթագրված երեխաների համար, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել` ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար տարբերակով կազմակերպելու անհնարինությամբ պայմանավորված, տեղեկացնում է Sputnik Armenia։