Շարմազանով․ Ես Չապաևը չեմ, որ սուրս հանեմ, սրա-նրա վիզը թռցնեմ

ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի արցախյան խնդրի վերաբերյալ։

Նա նաև հայտնեց, որ այսուհետ ՀՀԿ նախագահը մտադիր է ավելի հաճախ հանդես գալ մամուլի ասուլիսներով ու հարցազրույցներով։

«Ես կարծում եմ, որ մեր երեք նախագահները, բոլոր պաշտպանության նախարարները, որոնք իրենց լուման են ներդրել անկախ Հայաստանի և հայկական Արցախի կայացման համար, չեն կարող և չպետք է անմասն մնան այս ազգային պայքարից»,– ասաց Շարմազանովը` կոչ անելով բոլոր մտահոգ մարդկանց` անկախ կուսակցական պատկանելությունից, սառեցնել բոլոր ներազգային տարաձայնություններն ու պայքարել ազգային աղետի վերածված իշխանության դեմ։

«Հիմա կուսակցություն խաղալու, կուսակցական վերմակը մեզ վրա քաշելու ժամանակը չէ»,– ասաց նա։

Շարմազանովն այսօրվա պայքարը համեմատեց 1988թ–ի համազգային շարժման հետ, որտեղ չկար կուսակցական որևէ գաղափար։

«Սա պետք է լինի նոր, ավելի լայն համաժողովրդական ընդվզում, և դա լինելու է»,– ասաց նա։

Շարմազանովի խոսքով` Հայրենիքի փրկության շարժմանը մաս կազմող քաղաքական ուժերի օրակարգում երբեք չի եղել և չկա արտահերթ ընտրությունների պահանջ, կա Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ։ Իսկ ինչ վերաբերում է շարժմանը չմիացած կուսակցություններին ու գործիչներին, այդ թվում` երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա, Շարմազանովի համոզմամբ, ընդդիմադիր ողջ բևեռն այսօր միակարծիք է Փաշինյանի դավաճանական ռեժիմից օր առաջ հրաժարվելու հարցում։

«Ես Չապաևը չեմ, որ սուրս հանեմ, սրա-նրա վիզը թռցնեմ։ Կարծում եմ, որ քաղաքական ճշմարիտ ճնշման արդյունքում նա գնալու է»,– ասաց Շարմազանովը` համոզմունք հայտնելով, որ Փաշինյանը հրաժարական տալու է և ոչ շատ ուշ ժամանակահատվածում, տեղեկացնում է Sputnik Armenia։