«Լուսավոր Հայաստան». Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսին

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն հունիսին: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ եթե իշխանությունն իսկապես ունի այն վարկանիշը, որի մասին հայտարարում է, ապա նրանք պարտավոր էին ընտրություններ անցկացնել, և այդ ժամանակ ամեն ինչ վերջնական պարզ կդառնար:

«Արտահերթ ընտրությունները հետաձգվեցին, և ես կարծում եմ, որ դրանք հունիսին կանցկացվեն: Հենց հունիսին կտեսնենք այդ վարկանիշը: Մի բան պարզ է. իշխանությունը հանգիստ փողոցով քայլելու հնարավորություն չունի: Դա տեռոր չէ, սակայն նրանց կայացրած որոշումների պատճառով նրանք «երես չունեն»: Դա՞ է ձեր վարկանիշը: Վայելեք այն»,-ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ իշխանությունն արդեն նախկին է դարձել:

Պատգամավորը նշեց, որ իշխանության ներկայացուցիչները դեռ չեն գիտակցում իրենց դրության ողջ բարդությունը, տեղեկացնում է News.am: