Իշխան Սաղաթելյան․ Ժողովուրդն իրավունք ունի ապստամբել այս չարիքի կառավարության դեմ

«Հայրենիքի փրկության շարժման» ներսում որևէ տարաձայնություն չկա. Վազգեն Մանուկյանն առանձին չի գործում, կար հրատապ հավաքի անհրաժեշտություն, և քաղաքացիների հետ բաց զրույց իրականացվեց: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, Ազատության հրապարակում հանրային հավաքի ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ չկա իր հեռացման հասարակական պահանջ, ինքը դրանով վիրավորում է ժողովրդին: Պահանջ կա, և այդ պահանջն իշխող քաղաքական ուժն առաջիկայում իր անձնական կաշվի վրա կզգա և կտեսնի: Մենք մեր մարտավարության մեջ որոշակի փոփոխություններ, բնականաբար, անելու ենք, բայց ասել ենք, որ այս իշխանությունների հեռացումը հաժամողովրդական ճնշման արդյունքում է լինելու, որևէ մեկը թող չկասկածի: Մենք պետք է իրենց քշենք և վերջ»,-ասաց նա:

Անդրադառնալով Վազգեն Մանուկյանի հայտարարությանը, թե ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու և ինքը միշտ կաջակցի ապստամբությանը, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Կիսում եմ այդ տեսակետ: Մեր ժողովուրդն այս չարիքի կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունի, դա իր բնական իրավունքն է»,- ասաց նա և նշեց, որ այդ ակցիաները լինելու են անհնազանդության, բողոքի հետևողական քայլերի ձևով:

«Քանի այս մարդը գտնվում է ՀՀ վարչապետի պաշտոնում, մեր երկրում չի լինելու կայունություն, խաղաղություն, գնալով մաշելու է: Կա հեռացման համաժողովրդական պահանջ, բայց այդ պահանջը այս պահին չենք կարողացել վերածել համաժողովրդական պայքարի»,- ասաց նա և նշեց, որ եթե համաժողովրդական պայքար լինի, ապա Նիկոլ Փաշինյանը կհեռանա:

Նա հարց բարձրացրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետերը, ԱԺ նախագահը պատերազմից երեք ամիս անց չեն գնում Արցախ: «Անտեր են թողել Արցախի ժողովրդին, Արցախը, վաղը անտեր են թողնելու Սյունիքը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այս իշխանությունները հասկացել են, որ ընտրության արդյունքում վերարտադրվելը մեծ խնդիր է լինելու իրենց համար, տեղեկացնում է News.am: