Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ Արման Թաթոյանը շրջեց կենտրոնում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին և հետագա ծրագրերին։ Նա քննարկումներ ունեցավ կենտրոնի շահառու զինծառայողների հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Արմեն Մուրադյանը նշել է, որ այստեղ, առողջական խնդիրներից բացի, լուծվում են նաև զինծառայողների կրթության և աշխատանքի հարցերը: Նա շեշտել է, որ Զինվորի տանն արդեն մեկնարկել է պրոթեզավորման ծրագրի առաջին փուլը. ձեռքի և ոտքի ամպուտացիաներ ունեցող բոլոր զինծառայողներին կտրամադրվեն լավագույն, գերժամանակակից պրոթեզները:

Հայկուհի Մինասյանն ընդգծել է, որ մասնագետները գնահատում են ձեռքի ամպուտացիաներ ունեցող զինվորների ֆունկցիոնալ վիճակը, որպեսզի պրոթեզները լինեն յուրաքանչյուր զինվորի անհատական կարիքներին ու կարողություններին համապատասխան:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել կատարված աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով իր իրավասության շրջանակում աջակցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների իրավունքների պաշտպանությանը, տեղեկացնում է Panorama.am։