Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 50-ը

Շաբաթ օրը Ճապոնիայում 7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժից տուժածների թիվը գերազանցել է 50-ը, հայտնում է Kyodo-ն:

Միաժամանակ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան լրագրողների հետ զրույցում ասել է, որ երկրաշարժը չի հանգեցրել լայնածավալ ավերածությունների և մեծ թվով տուժածների:

«Մենք դեռևս գտնվում ենք ավերածությունների և տուժածների մասին տեղեկությունները հաստատելու փուլում, բայց մինչ այժմ մասշտաբայինների (ավերածությունների) վերաբերյալ տվյալներ չեն ստացվել»,- ասել է վարչապետը, ով երկրաշարժից գրեթե անմիջապես հետո եկել է իր աշխատավայր, որտեղ ղեկավարում էր ճգնաժամային շտաբի աշխատանքը: Կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս նշել է, որ ճապոնական միջուկային օբյեկտները չեն տուժել աղետից:

Վարչապետը տեղի բնակիչներին կոչ է արել պատրաստվել հետցնցումներին և գիշերը փողոց դուրս չգալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: