Երևանում նոր երթուղի է գործարկվում
Փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։
Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչև Երևանի ՋԷԿ և հակառակ ուղղությամբ։
Մի քանի նկատառում՝ ուղևորներին.
Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
«Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ փետրվարի 5–ից Երևանում սկսել են աշխատել նոր, կոմպակտ ավտոբուսներ, որոնք սպասարկում են 26 համարի երթուղին, որը Աջափնյակի Լուկաշին թաղամասը քաղաքի կենտրոնով կապում է Նորք Մարաշի հետ: