Արա Զոհրաբյան․ «Կա պետական դավաճանության հիմնավոր կասկած» (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարնի Նոր Նորքի նստավայրում քննվում է իրավաբանների՝ ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ բողոքը, իսկ բակում ակցիա է տեղի ունենում՝ ի պաշտպանություն իրավաբանների, տեղեկացնում է News.am:

 

     

Փաստաբանների միության ղեկավար Արա Զոհրաբյանը մանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է: Նա հիշեցրեց, որ դեռևս դեկտեմբերի 22-ին իրենք մի խումբ փաստաբաններով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազին, որտեղ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության մեջ մեղադրելու համար հիմքեր են նշել:

«Գլխավոր դատախազությունը այն ուղարկել էր ՀՔԾ: Եթե քրեական գործ հարուցելու հիմքը կա, ապա ՀՔԾ-ն պարտավոր էր քրգործ հարուցելու մասին որոշում կայացնել: ՀՔԾ-ն 3 որոշում կարող էր կայացնել՝ գործ հարուցել, հարուցումը մերժել կամ ուղարկել ըստ ենթակայության:

Մինչդեռ իրենք գրությամբ են պատասխանել՝ նշելով, որ ձեր հաղորդումը կցել ենք Մովսես Հակոբյանի հայտարարությունների առիթով հարուցված քրեական գործի նյութերին և քննելու են այդ գործի շրջանակներում:

Մենք իրենց անգործությունը վիճարկել ենք դատարնում և դատարանից խնդրել ենք մեր իրավունքի խախտումը վերացնել: Այսինքն պետք է պարտավորեցվի ՀՔԾ-ին, որ իրենք պատշաճ որոշում կայացնեն: Եթե մեր ներկայացրած փաստերը չեն վկայում առերևույթ դավաճանության մասին, ապա պետք է քրեական գործի հարուցումը մերժվի»:

Անդրադառնալով իրենց ներկայացրած հաղորդման բովանդակությանը, Զոհրաբյանն ասաց. «Հաղորդման մեջ ներկայացված են բոլոր այն իրադարձությունները, որոնք եղել են մինչ պատերազմը: Օրինակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», նաև կորոնավիրուսով պայմանավորված կառավարության նիստում հրապարկվել են մեր որոշ պարենային պաշարների մասին տվյալներ, նաև պատերազմի ընթացքում իր որոշ գործողություններ: Օրինակ պահեստազորում գտնվող որոշակի տարիքի զինծառայողների մասին տվյկալներ է հրապարակել: Մենք նշել ենք, որ միգուցե եղել է պետական դավաճանություն: Մենք ասում ենք, որ կա հիմնավոր կասկած, ստուգեք»: