Սերգեյ ՇԱՄԲԱՆ` ԱԲԽԱԶԻԱՅԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՄԱՍԻՆ. ԿՕԳՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
2021 թվականի հունվարի սկզբին Վլադիմիր Պուտինը հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո կողմերը որոշեցին վերսկսել երկաթուղային հաղորդակցությունը երկրների միջև:
Ենթադրվում է, որ երկաթգիծը կանցնի արևելյան Ադրբեջանով և թույլ կտա Հայաստանին գործարկել 1992 թվականից ի վեր առաջին ուղիղ գնացքները դեպի Ռուսաստան, ինչպես նաև` ելք ունենալ դեպի Իրան: Բաքուն, իր հերթին կկարողանա կապ հաստատել Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ և ելք ունենալ դեպի Թուրքիա:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները հայտարարությամբ դիմել են Ռուսաստանի Պետդումային` հայտնելով, որ հանրապետությունը պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցության բացման նախագծին:
Թեման առաջին անգամ չէ ծագել. այն քննարկվել էր ավելի քան 10 տարի առաջ և նույնիսկ եռակողմ աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում ընդգրկվել էին Ռուսաստանի, Աբխազիայի, Վրաստանի ներկայացուցիչներ, Sputnik ռադիոյի եթերում ասել է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան:
«Լուրջ քննարկումներ եղան, բայց այդ ժամանակ չկարողացան համաձայնության գալ, քանի որ վրացական կողմը պնդում էր, որ Աբխազիայի երկաթուղու հատվածը, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր, պետք է վրացական երկաթուղու աբխազական հատված կոչվեր: Մեր կողմը համաձայն չէր դրան»,- ասել է Շամբան:
Նա նշել է, որ տարածաշրջանում բախվել էին մեծ խաղացողների շահերը, և այն ժամանակ ամեն ինչ արվեց, որպեսզի Ռուսաստանը կտրված լինի Հարավային Կովկասից: «Այժմ, երբ հարց առաջացավ Հյուսիսային Կովկասով Ադրբեջան և Հայաստան երկաթուղային հաղորդակցությունը բացելու վերաբերյալ, տրամաբանորեն առաջացավ Աբխազիայի խորհրդարանի առաջարկը: Եթե խոսենք Կովկասում խաղաղարար նախաձեռնություններ զարգացնելու ցանկության մասին, ապա, իհարկե, պետք է բացել բոլոր հաղորդակցությունները, պետք է շփվել և առևտուր անել... Կարծում եմ, որ ժամանակն է խաղաղ գոյակցություն սկսել մեր տարածաշրջանում, իսկ դրա երաշխիքը տնտեսական գործընթացներն են, որոնցում կարող են և պետք է ներգրավվեն բոլոր շահագրգիռ կողմերը»,- ասել է Շամբան:
Աբխազիայի տարածքով դեպի Հայաստան երկաթուղու բացման հարցի վերբերյալ պետք է խոսել այդ թվում նաև Վրաստանի հետ, քանի որ այն պետք է շահագրգռված լինի նման հաղորդագրության բացման մեջ, կարծում է Աբխազիայի Անվտանգության խորհրդի քարտուղարը: