ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԳԾՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արդշինբանկը մշակել է վարկերի մարումների և պարտքերի ներումների ծրագիր՝ հետպատերազմյան ծանր հետևանքները մեղմելու և ռազմական գործողություններին տարբեր աստիճանի մասնակցություն ունեցած իր վարկառուներին և համավարկառուներին հնարավորինս աջակցելու նպատակով:
Հունվարի վերջի դրությամբ ներկայացված դիմումների հիման վրա Արդշինբանկը կատարել է շուրջ 120 վարկերի գծով 85 մլն ՀՀ դրամի ներում:
Վարկերի մարումների փոփոխությունների ծրագիրը նախատեսած է`
· Արցախի Հանրապետությունում գտնվող մասնաճյուղերի վարկառուների,
· Արցախի բնակիչ-վարկառուների,
· Ռազմական գործողությունների մասնակցած վարկառուների,
· Ռազմական գործողությունների մասնակցած և վիրավորում ստացած վարկառուների,
· Ռազմական գործողությունների մասնակցության արդյունքում 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամ դարձած վարկառուների,
· Զոհված վարկառուների,
· Անհայտ կորած վարկառուների,
· Զոհված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի անդամների (հայր, մայր, ամուսին, երեխա) համար:
Ծրագրի մանրամասները ներկայացված են Արդշինբանկի կայքէջում:
Բանկը ներկայացրել է նաև առավել հաճախ տվող հարցերի հակիրճ նկարագրությունը:
Արցախի Հանրապետությունում գտնվող մասնաճյուղերի վարկառուների համար |
Գրավով չապահովված վարկերի դեպքում. Մինչև 06.04.2021թ. ներառյալ վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: |
Գրավով ապահովված վարկերի և հիփոթեքային վարկերի դեպքում. Մինչև 02.02.2021թ. ներառյալ վարկի հերթական մարումներ և վճարումներ չիրականացնելու դեպքում վարկը չի համարվելու ժամկետանց, հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: |
02.02.2021թ. դրությամբ կուտակված՝ չվճարված, պարտավորությունները հնարավոր կլինի մարել ամսական հավասարաչափ վճարումների միջոցով՝ առավելագույնը 12 ամսվա ընթացքում, սակայն ոչ ավելի, քան վարկի վերջնաժամկետն է: |
Ռազմական գործողությունների հետևանքով զոհված, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած և անհայտ կորած վարկառուների և համավարկառուների վարկերի դեպքում |
- Գրավով չապահովված վարկերի դեպքում կատարվում է պարտքի ներում մինչև 3 մլն ՀՀ դրամ և վարկի նկատմամբ 01.10.2020թ-ից սկսած կիրառվում է փոփոխված տոկոսադրույք՝ տարեկան 0.1%: - Գրավով ապահովված վարկերի նկատմամբ 01.10.2020թ-ից սկսած կիրառվում է փոփոխված տոկոսադրույք՝ գործող տոկոսադրույքի 50%-ի չափով, սակայն ոչ պակաս, քան 8%՝ ՀՀ դրամի դեպքում, 5%՝ ԱՄՆ դոլարի և եվրոյի դեպքում: |
Իրավաբանական անձանց և որոշ այլ դեպքերում Բանկը կարող է դիտարկել զիջումների կատարման հարցն անհատական կարգով:
Հարկ է նշել նաև, որ Արցախի Հանրապետության տարածքում գտնվող մասնաճյուղերի գծով փոփոխությունները արդեն կատարված են Արդշինբանկի կողմից, իսկ մնացած դեպքերում փոփոխությունները կատարվում են դիմումի և հիմնավորող փաստաթղթերի հիման վրա: