Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՉԻ ՀԱՂԹԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ, ՉԻ ՀԱՂԹԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ՀԱՂԹԵԼ Է ԱՊԻԿԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ՄԱՍ 2 (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է օրախնդիր թեմաների՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների՝ կապիտուլյացիայի պատճառների և հետևանքների, ստեղծված իրավիճակից ելքի ու ապագային միտված ծրագրերի մասին:
Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել
Սերժ Սարգսյանն, պատասխանելով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե նա հաղթել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին ու նրա բանակին, այլ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին ու նրանց ստեղծած բանակին, ասաց` Ալիևը մշտապես երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ:
«Մենք 90-ականներին հաղթել ենք Ալիեվի հորը, 2016-ին Ալիևը փաստորեն պարտվել է ինձ: Ալիևը ինձ պարտվել է բանակցային ամբողջ պրոցեսի ընթացքում 2008-18թթ-ին, և նրա մեջ, վստահ եմ, ձևավորվել էր անհագուրդ պահանջ՝ ինձ ինչ-որ բանում հաղթելու: Ալիևը վստահ եմ՝ հոգեպես ամբողջովին բավարարված չէ: Նա գիտի, թե ում է հաղթել, և գիտի, թե այդ հաղթանակն ինչպես է ձեռք բերվել»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ Ալիևի ասածն անտրամաբանական է:
Երրորդ նախագահը հայտարարեց, որ Ալիևը չի հաղթել հայկական բանակին, չի հաղթել հայ ժողովրդին, հաղթել է ապիկար իշխանություններին:
«Ո՛չ հայկական բանակը, ո՛չ էլ հայ ժողովուրդը կապիտուլյացիայի չեն ենթարկվել»,– շեշտեց Սարգսյանը։
Նրա խոսքով` կապիտուլյացիայի է ենթարկվել ՀՀ վարչապետն իր թիմով հանդերձ, նաև իր թիմից գաղտնի։
Էս ի՞նչ շնորհք ա․ Հարուցված քրգործերի մասին
Հայաստանի երրորդ նախագահը անդրադարձավ իր դեմ հարուցված քրեական գործերին։
«Գործը կա, ինձ ոչ մի հարց չեն տվել», - ասաց նա։
Նման գործեր կան նաև նրա մտերիմների, ընտանիքի անդամների դեմ։ Դրանց մասին խոսելով` Սարգսյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր պատկերացրածը քրեական գործեր սարքել։
«Դե, ինքն ասել է, չէ՞, որ իմ ընտանիքը էս աշխարհի ամենակոռումպացված ընտանիքն ա։ Հետո սրան–նրան համոզել ա, որ իմ երեխաներին, իմ մերձավորներին քրեական պատասխանատվության կանչեն։ Էս ի՞նչ շնորհք ա՝ իր երևակայությունները դարձնել քրեական գործ, էն էլ` էս հարցում», - ասաց Սարգսյանը։
Քանի ԱԹՍ պիտի գնվեր մինչև 2020 թվականը
Սերժ Սարգսյանը հերքել է հայտարարություններն այն մասին, որ մինչև 2018թ-ը հայկական բանակը մարտունակ չէր, սպառազինություն չուներ:
«Բա եթե մենք բանակ չունեին, ինչպե՞ս պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի: Բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչ մի բան չունեինք, ինչո՞ւ մինչև հիմա Ադրբեջանը բան չէր անում»,- ասաց Սարգսյանը՝ բանակի մասին վերոհիշյալ հայտարարությունները «տխմար թեզ» որակելով:
Իրականությունը, երրորդ նախագահի խոսքով, այն է, որ Հայաստանը երբեք Ադրբեջանից շատ ու Ադրբեջանից ավելի ժամանակակից զինատեսակներ չի ունեցել: Բայց դա, նրա դիտարկմամբ, Հայաստանին չի խանգարել 1992 և 2016թթ-ին հաղթել Ադրբեջանին:
«Որովհետև խնդրով զբաղվել են գիտակ մարդիկ և նրանք, ովքեր անմնացորդ նվիրված են եղել այդ գործին»,- ասաց նա:
Սարգսյանը նաև հայտնեց, որ 2016թ-ի ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը հետաքննություն է անցկացրել, ուսումնասիրել հակառակորդի կիրառած միջոցներն ու պլանավորել 1 մլրդ 300 մլն դոլարի սպառազինություն ձեռք բերել 2018-24թթ-ին պետական բյուջեի ու վարկային միջոցների հաշվին:
Այդ գումարից ավելի քան 500 մլն-ը, նրա խոսքով, նախատեսված է եղել ավիացիայի, ՀՕՊ և ԱԹՍ-ներ ձեռք բերելու համար:
«Մի թիվ ասեմ, զգույշ, աթոռից չընկնեք. մինչև 2020թ-ը նախատեսված էր ձեռք բերել 2500 ԱԹՍ-ներ՝ և՛ ներսից, և՛ դրսից: 2018-219 թթ-ի համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի ԱԹՍ»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` այդ գործարքներն այդպես էլ չիրականացվեցին, քանի որ ՀՀ նոր իշխանությունը փոխեց այդ պլանը:
Պատերազմի սխալները․ Միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից
Պատերազմի սխալները սկսվել են առաջին իսկ օրվանից ու շարունակվել շատ երկար ժամանակ,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ գնահատելով 44-օրյա պատերազմի ընթացքը:
«Դրա համար էլ մարդիկ իրավունք ունեն մտածելու, որ դա եղել է դավադիր պատերազմ, որ դավադրություն է եղել»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ պաշտպանական պլանում հստակ նշված է, թե որ ստորաբաժանումները որ պարագայում որ դիրքերը պիտի զբաղեցնեն: Սակայն, ըստ նրա, չեն զբաղեցրել, քանի որ պատերազմի կառավարմանն անհարկի միջամտություններ են եղել ոչ կոմպետենտ մարդկանց կողմից:
Հարցին, թե արդյո՞ք Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը նկատի ունի, երրորդ նախագահը պատասխանեց.
«Ես կանանց հետ գործ չունեմ, ուրիշներին էլ նկատի ունեմ: Իրեն գերագույն հրամանատար հռչակածն էլ այնքան կոմպետենտ է, որ կարող էր ինքն անե՞ր:Այս կապիտուլյացիայի պատճառ դարձած օպերացիային ինքն է անձամբ լսել և հավանություն տվել»:
Սարգսյանը հստակեցրեց, որ խոսքը Լելե Թեփե կոչվող բարձունքին վերաբերող օպերացիայի մասին է:
Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը
Սերժ Սարգսյանն անդրադարձավ Շուշիի գրավմանը՝ նշելով, որ դրա մեղքը փորձ էր արվում բարդել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վրա:
«Նոյեմբերի սկզբին ՔՊ-ական մամուլը սկսեց գրել այն մասին, թե ինչ հերոսական ջանքեր է գործադրում Սեյրան Օհանյանը Շուշին պաշտպանելու համար։ Ես զարմացա: Բայց չանցած 2-3 օր` սկսեցին Սեյրան Օհանյանին մեղադրել, որ նա չկարողացավ Շուշին պահել: Ներողություն բառիս համար՝ Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը»,- ասաց Սարգսյանը:
Նրա պնդմամբ` Օհանյանն այնտեղ ընդամենը խորհրդատուի դերում է եղել:
«Ես, ունենալով այդքան կապեր, ծանոթ լինելով հարյուրավոր սպաների, գեներալների հետ, մինչև այսօր չեմ կարողանում պարզել, թե ով է եղել Շուշիի պաշտպանության հրամանատարը», - ասաց նա՝ հավելելով, որ հայտնի չէ նաև, թե ով է եղել Հադրութի ու ամբողջ այդ ճակատի հրամանատարը:
Սերժ Սարգսյանը նաև համոզմունք հայտնեց, որ Շուշին իրականում ոչ թե ընկել, այլ հանձնվել է:
«Դեռ հոկտեմբերի կեսերին, երբ որ ինձ հարցնում էին, թե երբ է պատերազմն ավարտվելու, ես միանշանակ ասում էի՝ երբ որ ադրբեջանցիները գրավեն Շուշին»,- պատմեց Սարգսյանը՝ պարզաբանելով, որ այդ մասին եզրակացություն է արել՝ վերլուծելով Ադրբեջանի ԶՈւ շարժը, Ալիևի հայտարարությունը:
Ինչո՞ւ ուշացավ մեր գլխավոր դաշնակցի աջակցությունը
Թուրքիան մշտապես աջակցել է Ադրբեջանին,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ մեկնաբանելով այն տեսակետը, թե թուրքիան միայն այս պատերազմում է աջակցել Ադրբեջանին:
«Թուրքիան միշտ էլ աջակցել է Ադրբեջանին: Այդպես է եղել 90-ականներին, այդպես է եղել 2000-ականների սկզբին, այդպես է եղել 2008-ից հետո: Եվ մշտապես հնարավոր Թուրքական սպառնալիքը հակակշռվել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններով ու միջազգային գրագետ աշխատանքով»,- ասաց նա:
Իսկ թե ինչու է այս անգամ Թուրքիան նման անթաքույց կերպով ու անհամեմատ ավելի մեծ չափով աջակցություն ունեցել, Սերժ Սարգսյանը խորհուրդ տվեց փնտրել «այս ապիկար իշխանությունների դիվանագիտական ու անվտանգային հարաբերությունների տապալման» մեջ:
«Նաև պետք է ստեղծել, թե ինչու ավելորդ լարվածություն ստեղծեցին մեր գլխավոր դաշնակցի հետ և այդ հավասարակշռումը չեղավ, չգործեց այն աստիճանի, ինչ աստիճանի պիտի գործեր: Երբ որ դու, խախտելով բոլոր կանոնները, փորձում ես միանձնյա որոշումներով վտանգել ՀԱՊԿ-ի հեղինակությունը, պիտի հասկանաս, որ վաղը-մյուս օրը խնդիրներ ես ունենալու: Երբ որ դու խախտելով քո սեփական երկրի օրենքները՝ օդանավակայանում չես դիմավորում ՄԱԿ-ի ԱԽ ղեկավար մշտական երկրի ղեկավարին, ով նաև քո դաշնակիցն է, ու նաև ցուցում ես տալիս ֆեյքերին, անհայտ ծագումով կայքերին, որ գրեն՝ տես` ինչ տղա է, ինչպես բարձրացրեց մեր սուվերենությունը, դու պիտի հասկանաս, որ վաղը-մյուս օրը դրա համար պատժվելու ես: Դու պիտի հասկանաս, որ երբ ուրիշների թիկունքում գաղտնի բանակցությունների մեջ ես մտնում, այդ ուրիշները քո նկատմամբ վերաբերմունք են փոխելու»,- ասաց նա:
Սերժ Սարգսանը նշեց, որ այսքանից հետո զարմանալի չէ, որ որևէ մեկն այդպես էլ չդատապարտեց Ադրբեջանի ռազմական գործողությունները, այն դեպքում, երբ 2016-ի ապրիլին քննադատում էին Ադրբեջանին:
Որպես «փչացրած» հարաբերությունների օրինակ` Սարգսյանը հիշեցրեց պատերազմի օրերին Վրաստանի՝ իր օդային տարածքից օգտվելու արգելքը:
«Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում Շուշիի ուղղությամբ
Սերժ Սարգսյանը հայտնեց, որ «Իսկանդերը» պատերազմի ընթացքում կիրառվել է։
«Ես ունեմ հավաստի տեղեկություններ, որ «Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ»,– ասաց նա:
Սարգսյանը ենթադրում է, որ Ադրբեջանի ուղղությամբ չի կիրառվել, քանի որ իշխանությունը վախեցել է պատասխան հարվածից:
«Այսինքն` Հայաստանի որ տարածքից կրակեր, միգուցե այդ տարածքին էլ հակահարված կլիներ: Բայց երբ պատերազմի ժամանակ ունենում ես շատ մտավախություններ, վերջը հասնում ես այս օրին: Իսկ «Իսկանդերը» պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, «Իսկանդերը» հենց դրա համար է», - նշեց նա:
Լուրերը, թե «Իսկանդերը» Հայաստանինը չէ, այն այլ տեղից է կառավարվում, Սերժ Սարգսյանն «անգրագիտություն» որակեց՝ հայտարարելով. «Իսկանդերը մերն է»:
Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք
ՀՀ երրորդ նախագահը հայտարարեց, որ ավարտել է իր ծառայությունը ՀՀ բարձրադիր պաշտոններում:
«Եվ որեվէ պարագայում ես չեմ լինելու ղեկավար պաշտոնում: Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդատու, խորհրդական, բայց ոչ ավելին»,- ասաց Սարգսյանը:
Նա նաև շեշտեց, որ իր ասածը չի նշանակում, թե ինքը հեռանում է ակտիվ քաղաքականությունից:
«Ճիշտ հակառակը՝ ես էլ եմ լինելու ակտիվ, ՀՀԿ-ն էլ է լինելու էլ ավելի ակտիվ, և եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք»,- ասաց Սարգսյանը:
Sputnik Armenia-ի նյութերով