Ադրբեջանի փոխանցած 106 մարմիններն անճանաչելի են

Ռազմագործողությունների ընթացքում զոհված զինծառայողների ևս 106 աճյունները Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ Արցախի փրկարարները՝ ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, մարմինները վերադարձրել են Ստեփանակերտ: Բոլորն անճանաչելի են: Ենթադրվում է, որ տղաները նախապես հուղարկավորված են եղել և դիերը արտաշիրիմումից հետո փոխանցվել են Վարանդայի (Ֆիզուլի), Հադրութի և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններից:

Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյում (առօրյա խոսակցականում՝ морг) է եղել ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Նախարարը հավաստիացրել է, որ զոհված կամ անհետ կորած զինծառայողների որոնումների ուղղությամբ ձեռնարկվում է հնարավոր ամեն քայլ, նշելով, որ բանակցություններն առաջիկայում ևս կշարունակվեն: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների ծնողներին, մաղթել ուժ և համբերություն՝ համազգային ցավին դիմակայելու համար:

Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված դիերի ընդհանուր թիվը 1485 է, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: