Մահացել է նախկին նախարար Սերգո Կարապետյանը

Լուսադեմին կորոնավիրուսից հետո առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին։

Նա գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնում։

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Սերգո Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նշենք, որ նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ միակ ցուցմունք տվողն էր: