Արցախցիներին 68 000-ական դրամ կտրամադրվի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց արցախցիներին 4 ամիս 68 000 դրամ աջակցություն տրամադրել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց` աջակցությունը կստանան բոլոր արցախցիները, բացառությամբ 18-63 տարեկան այն տղամարդիկ, որոնք հաշմանդամության խումբ չունեն։

«Ծրագրի բյուջեն կկազմի 30 մլրդ դրամ, ընդհանուր առմամբ` 55 մլրդ դրամի է հասնում ՀՀ կառավարությունից արցախցիներին տրամադրված գումարները։ Գրեթե այդքան գումար էլ Արցախի կառավարության կողմից աջակցության ծրագրերին կտրամադրվի»,–ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` 4 ամիս 68 000 դրամ աջակցություն ստանալու համար հաշմանդամություն ունեցող անձինք և կենսաթոշակառուները դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա. նրանք իրենց կենսաթոշակների հետ համատեղ կստանան այդ գումարները։ Իսկ մյուսները փետրվարի 25-ից էլեկտրոնային կարգով կարող են դիմում ներկայացնել և մարտի 15-ից ստանալ իրենց աջակցությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց, որ վիրավորում ստացած զինվորներին աջակցություն տրամադրելու ծրագիրն անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում, բացի այդ, անհետ կորած և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը նույնպես չի ամբողջացել, այսինքն` կան շահառուներ, որոնց գումար դեռ չի տրամադրվել, տեղեկացնում է Sputnik Armenia։