Հ2 հեռուստաալիքն իր իրավունքների վերականգնման համար կդիմի օրենքով թույլատրելի բոլոր քայլերին

Եթերից զրկված Հ2 ալիքն իր իրավունքների վերականգնման համար կդիմի օրենքով թույլատրելի բոլոր քայլերին: Այս մասին փետրվարի 19-ին մամուլի ասուլիսում ասաց ալիքի փոխտնօրեն Լևոն Սուլթանյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ հեռուստաալիքը, որը հայրենական եթերում աշխատել է ավելի քան 20 տարի, մրցույթի արդյունքներով հեռարձակումից զրկվել էր: Սուլթանյանը որոշումը գնահատում է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ և հարված խոսքի ազատությանն ու ժողովրդավարությանը: Այս կապակցությամբ նա հիշեցրեց հարձակումները ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի վրա և ընդհանրապես տեղի ունեցողը համարեց քայլեր՝ ուղղված հեռուստաալիքը լռեցնելուն:

Բացի որոշման քաղաքական ենթատեքստից, Լևոն Սուլթանյանը մատնանշեց մի շարք ուղղակի խախտումներ: «Հիմա հանձնաժողովը փորձում է ամեն ինչ ներկայացնել որպես մրցույթի արդյունք: Այսինքն՝ սովորական գործընթաց է, ընկերությունը չի համապատասխանել պահանջներին: Մինչդեռ իրականությունն այլ հարթությունում է: Հայաստանի օրենսդրությունը և ՄԻԵԴ դիրքորոշումը հանձնաժողովից ուղիղ պահանջում են, որ նրա որոշումները հիմնավորված լինեն»,- շեշտեց Սուլթանյանը: Նա իրավիճակը համեմատեց ինստիտուտ ընդունվելու հետ: «Միայն այն, որ դիմորդներն ավելի շատ են, քան տեղերը, և մեկն ավելի շատ միավորներ է ստացել, դեռևս հիմնավորում չէ: Պետք է հիմնավորել, թե ինչու է ամեն մեկն այդքան ստացել: Մրցույթի բոլոր չափորոշիչներով: Այս պահանջը գոյություն ունի այն պատճառով, որ բացառվեն կամայական որոշումները, և մասնակիցն ինքը հասկանա ու ուղղվի: Մյուս խնդիրն այն է, որ մրցույթի պահանջները պետք է հասկանալի լինեն. այսինքն՝ իմանալ, թե ինչ քննություն է հանձնվելու, և ինչպես են գնահատելու»,- համեմատությունը շարունակեց Սուլթանյանը:

Նա հիշեցրեց, որ որոշումը հրապարակելուց հետո հանձնաժողովին ղեկավար Տիգրան Հակոբյանը մի քանի հարցազրույց է տվել, որոնցից պարզ է դառնում, որ հանձնաժողովը հաշվի է առել ավելի քան 100 չափորոշիչներ՝ այն դեպքում, երբ օրենքը նշում է 7-ի մասին, իսկ հանձնաժողովն ընդհանրապես նշել էր 6: Հակոբյանը նույնիսկ պնդում է, որ որոշները մասնակիցներին հայտնի չէին: Սա մրցույթի կանխատեսելիության ուղղակի խախտում է: «ՄԻԵԴ-ը դեռևս 2008 թվականին ընդունել էր նախադեպային որոշում, որն առնչվում էր А1+ ալիքին: Դրանում նույն հանձնաժողովի սխալներն էին նշված: Հատկապես, որ իր որոշումը չի հիմնավորել: Երբ ընդունվում էր А1+-ի վերաբերյալ որոշումը, մեր օրենսդրությունը նման պահանջ չուներ: ՄԻԵԴ որոշումից հետո այն մտցվեց և հիմա անտեսվել է»,- նշեց Լևոն Սուլթանյանը:

Նրա խոսքով՝ հարցազրույցից հետո ալիքի աշխատակիցների և սեփականատերերի մոտ սուբյեկտիվ մոտեցման հիմնավոր կասկած է առաջացել: Առավել ևս, այն հանգամանքը, որ ալիքը ցանկանում էր համահանրապետական հեռարձակում ստանալ, ներկայացվել է որպես «ամբարտավանություն», չնայած Տիգրան Հակոբյանը գիտեր ալիքի դիրքորոշումն ու պատճառները, թե ինչու էր ձգտում ստանալ հանրապետական, այլ ոչ քաղաքային հեռարձակում: Սուլթանյանը նաև ուշադրություն դարձրեց այն փաստին, որ Հակոբյանը բացասական լույսի ներքո է մեկնաբանում երկու վարչական վարույթով ալիքի դատարան դիմելը և դատարանների կողմից հայցվորի օգտին որոշումների ընդունումը:

Սուլթանյանը պարզաբանեց այն պատճառները, թե ինչու էր ալիքը ցանկանում հանրապետական հեռարձակում ստանալ: Առաջին՝ երկու տասնամյակ աշատել է այդ հեռարձակմամբ, այսինքն՝ իր արտադրանքն ուղղված է հանրապետական պահանջարկին, իսկ ծրագիրը կազմված է հեռարձակման լայնությանը համապատասխան, երկրորդ՝ քաղաքային մրցույթին մասնակցությունը կնվազեցներ գործընկերների հնարավորությունները: Ընդ որում՝ Սուլթանյանը հատուկ շեշտեց հանրապետական հեռարձակումը որպես «ավելի լավ», իսկ քաղաքայինը «ավելի վատ» գնահատելու փորձերին անհամաձայնությունը:

Հանձնաժողովի այդ մոտեցումը պարզապես վիրավորական է, նկատեց նա:

Սուլթանյանը վստահ է, որ անկախ հեռուստատեսությունը, անկախ լրատվամիջոցները սպառնալիք են քաղաքական ղեկավարության համար, քանի որ նրանց հետ անհնար է պայմանավորվել: Շատերը դա իրենց վրա զգացել են տարբեր ժամանակներում, առավել ևս, որ խոսքը հանրապետական հեռարձակման լրատվամիջոցների մասին է: Նա վստահեցրեց, որ հեռուստաալիքը կպայքարի, և արդեն դիմել է դատարան: «Ես անձամբ ճիշտ եմ համարում խնդրի իրավական լուծումը: Նույնիսկ եթե վաղը քաղաքական որոշումը փոխվի, և մենք վերադառնանք եթեր, դա կարող է կրկնվել մեր գործընկերների հետ, իսկ մենք ցանկանում ենք իրավական հիմքեր ստեղծել: Քաղաքական ճանապարհով նման հարցերի լուծումը չի լուծի խնդիրն ընդհանուր առմամբ: Սակայն օրենքով չարգելված ցանկացած քայլի իրավունք ենք վերապահում»,- հայտնեց Սուլթանյանը:

Ինչ վերաբերում է դեռևս ազատ քաղաքային հեռարձակման ալիքի մրցույթին մասնակցելու հնարավորությանը, Հ2-ը այն չի դիտարկել, սակայն չի բացառում: Ընդ որում, եթե նույնիսկ հեռուստաալիքը հաղթի այդ մրցույթում, չի պատրաստվում հրաժարվել հանրապետական հեռարձակման համար պայքարից:

Լևոն Սուլթանյանն անհրաժեշտ համարեց պարզաբանել երկու հարց: Առաջինը վերաբերում է իրավիճակի աննախադեպությանը: «Աննախադեպ է այն պատճառով, որ Ա1+-ը (իր ժամանակին զրկվել է եթերից նմանատիպ հանգամանքների պատճառով - խմբ.) հանրապետական հեռարձակման ալիք չի եղել»,- պարզաբանեց նա: Երկրորդը վերաբերում է նախկինում «Պրոմեթևս» անվանվող և այլ սեփականատիրոջ պատկանող Հ2-ի հայտարարությանը՝ կապված Ա1+-ի իրավիճակի հետ, որում ասվում է, որ ալիքը խոսքի ազատության սպառնալիք չի տեսնում: «Մենք ասում ենք, որ դա հարված է խոսքի ազատությանը, և եթե այսպես շարունակվի, իսկ մենք չարձագանքենք, ապա խոսքի ազատությունն իսկապես կանհետանա: Սակայն մենք դեռ այստեղ ենք և քննարկում ենք խնդիրը, որը կա»,- հայտարարեց Սուլթանյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է ազդել որոշումն ալիքի աշխատանքի վրա՝ Սուլթանյանը վստահեցրեց, որ անձնակազմը շարունակում է աշխատել բնականոն հունով և մտադիր է այդպես շարունակել: Այնուամենայնիվ, Սուլթանյանի խոսքով, լրատվամիջոցների վրա ճնշում կա: Նրա խոսքով՝ իրավիճակը խոսում է այն մասին, որ տեղի ունեցածը միայն սկիզբն է, և եթե չվերացվի նախադեպը, այն կդառնա մահակ մյուսների համար:

Իր հերթին, ալիքի գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանը հայտնեց, որ ամռանը հեռուստադիտողին թարմացված եթեր է սպասվում: Լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ դեսպանատները և միջազգային կազմակերպությունները դեռ չեն արձագանքել իրավիճակի մասին իրենց նամակին, տեղեկացնում է News.am: