Ադրբեջանին անցած գյուղերի բնակիչների համար Արցախում նոր բնակարաններ կկառուցվեն
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է պատերազմի արդյունքում բռնազավթված Ասկերանի շրջանի Ավետարանոց և Ակնաղբյուր գյուղերի մի խումբ բնակիչների:
Քննարկվել են տեղահանված ընտանիքների խնդիրները և նրանց համատեղ բնակության վայրի ընտրության հարցը: Նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ ինչպես Ավետարանոցի ու Ակնաղբյուրի, այնպես էլ բռնազավթված մյուս բնակավայրերի վերադարձի հարցը մնում է ԱՀ իշխանությունների քաղաքական օրակարգում:
ԱՀ նախագահն ընդգծել է, որ նախընտրությունը տրվում է այդ գյուղերի բնակիչների՝ համախումբ սկզբունքով վերաբնակեցման տարբերակին:
Բնակիչների հետ քննարկումների ընթացքում նախանշվել են Ասկերանի շրջանի մի շարք վայրեր, որոնց վերջնական ընտրությունը պետք է կատարեն բնակիչները՝ պետական լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ միասին: Այնուհետև կարճ ժամանակահատվածում կկազմվեն նոր բնակավայրերի նախագծերն ու կտրվի շինաշխատանքների մեկնարկը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: