ԶԼՄ. Թուրքիան ինը ընդդիմադիր պատգամավորի կզրկի անձեռնմխելիությունից, այդ թվում` Կարո Փայլանին

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջնորդություններ է ներկայացրել ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից ինը խորհրդարանականի, այդ թվում` կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանին 2014-ին փողոցային ցույցերի մեղադրանքով անձեռնմխելիությունից զրկելու մասին, փոխանցում է Ahval-ը` վկայակոչելով Halk TV-ն:

Կուսակցության անդամներ Ֆաթմա Քուրթուլանը, Կարո Փայլանը, Հյուդա Քայան, Մերալ Դանիս Բեստասը, Հակկի Սարուխան Օլուկը, Սերպիլ Քեմալբայը, Սեզայ Թեմելին, Պերո Դունդարը և Փերվին Բուլդանը կարող են դատական գործընթացի բախվել պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգի ավարտի դեպքում:

Որպեսզի պատգամավորները դատարանի առջև կանգնեն, խորհրդարանը պետք է քվեարկի այն հայտերի հարցով, որոնք, իրենց հերթին, պետք է ընդունվեն և մշակվեն արդարադատության նախարարության կողմից, տեղեկացնում է News.am: