Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ «Կովիվակ» երրորդ պատվաստանյութը

Գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ ռուսական պատվաստանյութը, որը մշակվել է Չումակով կենտրոնի կողմից և ստացել է «Կովիվակ» անվանումը: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը պատվաստանյութերի շրջանառության վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում եմ մի շատ լավ նորությունից սկսել: Այսօր մենք արձանագրում ենք, որ գրանցվել է երրորդ պատվաստանյութը` «Կովիվակ»-ը, այն մշակվել է Չումակով անվան կենտրոնի կողմից»,- ասել է Միշուստինը:

«Կովիվակ» պատվաստանյութի առաջին 120 հազար դեղաչափը քաղաքացիական շրջանառության մեջ կդրի մարտի կեսերին, հայտնել է վարչապետը:

Միշուստինը նաև հայտարարել է, որ «այժմ շատ կարևոր է, որպեսզի վերահսկիչ ընթացակարգն անցնելուց հետո ամբողջ շղթան կառուցվի այս պատվաստանյութի արտադրությունն առավելագույնի հասցնելու համար»:

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացը բավականին հաջող է ընթանում, նշել է կաբինետի ղեկավարը: Միշուստինը տարածաշրջանային իշխանություններին հորդորել է վերահսկել դեղամիջոցների ժամանակին մատակարարումը և պատվաստումների գործընթացի կազմակերպումը տեղերում: Նա նաև նշել է, որ ևս մի ռուսական պատվաստանյութի` «Կովիվակ»-ի հայտնվելը «չպետք է դանդաղեցնի կորոնավիրուսի դեմ այլ դեղամիջոցների արտադրության տեմպը»:

Միշուստինը շեշտել է, որ Ռուսաստանը ներկայումս միակ երկիրն է, որը երեք պատվաստանյութ ունի կորոնավիրուսի դեմ, տեղեկացնում է News.am: