ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարություն

Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման և պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության և արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից և կամքից զրկելու համար։

Այս համատեքստում ենք դիտարկում երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրենց ընդդիմադիր և ազգային հայացքներով հայտնի մի շարք հասարակական, հանրային, մտավորական և փորձագիտական շրջանակների գործիչների հանդեպ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելու փաստը։

Այս ամենը կատարվում է երկրում անհեթեթ պատճառաբանությամբ մինչ այսօր գործող ռազմական դրության պայմաններում, որն, ըստ միջազգային գնահատականների, նպատակունի ճնշելու հակակառավարական ցույցերը և ազատազրկելու ընդդիմադիր գործիչներին։

Տվյալ ձեռագիրը քաղաքական հետապնդումների նոր ալիքի վկայությունն է, որով ազգակործան իշխանությունները փորձում են խուսափել ժողովրդի արդար ցասումից և վերահաս արդարադատությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

1. Խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը։

2. Ափսոսանք է հայտնում, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շեղվել է իր բուն առաքելությունից և դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը։

3. Պահանջում է անհապաղ չեղարկել ռազմական դրությունը և երկրում ապահովել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ամբողջական ծավալը։

4. Վերահաստատում է հետևողական քաղաքական պայքարի իր հանձնառոււթյունը։

5. Կոչ է անում բոլորին միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին և ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին։

6. Հայտարարում է, որ երկրում առկա և հետագա բոլոր բացասական զարգացումների միակ պատասխանատուն գործող ապազգային և կործանարար իշխանությունն է։