Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի, Արամ Սարգսյանի փաստաբանները հրավիրվել են ԱԱԾ

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան ֆեյք լինելու կասկածանքով ձերբակալված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, Մհեր Ավագյանի, Արամ Սարգսյանի փաստաբանները քիչ առաջ հրավիրվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին News.am-ը տեղեկանում է ձերբակալվածների պաշտպաններից։

Պաշտպանները նշեցին, որ հրավիրվել են ԱԱԾ, ամենայն հավանականությամբ, որպեսզի մեղադրանք առաջադրեն և կալանքի միջնորդություն ներկայացնեն դատարան։

Նշենք, որ չորդ ձերբակալվածների փաստաբաններն էլ ձերբակալման իրավաչափության հարցը բողոքարկել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։ Բողոքներն արդեն մակագրվել են, սակայն քննության ժամը դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք՝ Մհեր Ավագյանի պաշտպան Միքայել Շխիմյանն հայտնել է, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 226-րդ (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը). 226.2 (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) և 307.4-րդ (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հոդվածներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Ըստ ԱԱԾ-ի՝ Մհեր Ավագյանը վերը նշված գործողությունները կատարել է «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջից։ Նույն կասկածանքով են ձերբակալվել նաև Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը։

Նշենք, որ այն ժամանակահատվածում, երբ «Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտատեր լինելու և այդ էջից արգելված տեղեկություններ տարածելու մեջ կասկածվող Սաղաթելյանը, Բեքարյանն ու Ավագյանը ԱԱԾ-ում էին, վերը նշված օգտատերը նոր գրառում է կատարել։

ԱԱԾ էին բերման ենթարկվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ու սահմանադրագոտ Գոհար Մելոյանը, ովքեր այնուհետև ազատ են արձակվել։