«Հայոց մայր» հուշարձանը ցուցադրվում է Տոսկանայում

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Վիգեն Ավետիսի հեղինակած՝ «Հայոց մայր» հուշարձանը ներկայում ցուցադրվում է Տոսկանայի Կավրիլիայի համայնքային խորհրդի դիմաց։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում նաև լուսանկարներ են հրապարակվել։

«Հայոց մայր» հուշարձանը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

Հուշարձանում քանդակագործը ստեղծել է մոր կերպարը, որը պաշտպանում է աշխարհի չորս ծայրերում գտնվող իր զավակներին։ Մոր թիկնոցը խորհրդանշում է Արևմտյան Հայաստանը՝ իր եկեղեցիներով։ Մոր ուսերը նման են Արարատ լեռանը։

Բրոնզաձույլ այս հուշարձանը ցուցադրվել է Ֆլորենցիայում, Սիենայում, եվրոպական մի շարք քաղաքներում՝ Մարսելում, Փարիզում, Բրյուսելում, Ժնևում, Կոպենհագենում։ 2015 թվականի ապրիլ ամսին հուշարձանը ցուցադրվել է Վատիկանում, որտեղ Հռոմի պապը պատարագ է մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, տեղեկացնում է Sputnik Armenia։