Իրակլի Գարիբաշվիլին հաստատվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Իրակլի Գարիբաշվիլին հաստատվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում: Խորհրդարանի այսօրվա նիստում նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 89 պատգամավոր, դեմ են քվեարկել երկու խորհրդարանականներ:

Իրակլի Գարիբաշվիլին 38 տարեկան է, մինչ այժմ նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Վրաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նույն անձը երկու անգամ նշանակվում է վարչապետ, նշում է «Նովոստի-Գրուզիան»:

Իշխող կուսակցությունը ստիպված էր նոր վարչապետ նշանակել Գիորգի Գախարիայի անսպասելի հրաժարականից հետո։ Նա իր որոշման մասին հայտարարել էր փետրվարի 18-ին հրավիրած հատուկ ճեպազրույցում՝ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի մոտալուտ ձերբակալման շուրջ ստեղծված լարված իրավիճակի ֆոնին: Գախարիան ընդգծել էր, որ հրաժարականի պատճառը իշխող կուսակցության հետ տարաձայնություններն են՝ Նիկա Մելիային կալանքի տակ պահելու մասին դատարանի որոշման կատարման շուրջ: Գախարիայի հրաժարականից հետո ՆԳ նախարարությունը չեղյալ է հայտարարել խոշորագույն ընդդիմադիր կուսակցության՝ «Միացյալ ազգային շարժման» գրասենյակ բռնի ներթափանցման գործողությունը, որտեղ Մելիայի ավելի քան 500 գործընկերներ և համակիրներ մտադրվել էին «ֆիզիկապես պաշտպանվել» իրենց առաջնորդին։

2012-ին խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակից հետո կառավարությունում հինգ կաբինետ է փոխվել: Հինգերորդ վարչապետ Գեորգի Գախարիան այդ պաշտոնում նշանակվել էր 2019-ի սեպտեմբերին:

Ջուանշեր Բուրչուլաձեն հաստատվել է Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի պաշտոնում, տեղեկացնում է News.am: