Էլիբեգովա. Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել

Հակադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց՝ ի աջակցություն ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի:

«Այսօր որոշել ենք ԱԱԾ-ին օգնել, Արա Սաղաթելյանի քրեական գործով իրեղեն ապացույցներ ենք բերել, որոնք, հուսով եմ, կօգնեն ավելի ծանր «հանցագործության» մեջ նրան մեղադրել», - լրագրողների հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Նա նշեց՝ պետք չէ ունենալ որևէ պատրանք, թե ադրբեջանցիները սկսել են անսպասելիորեն սիրել հայերին։

Ադրբեջանագետի խոսքով, հայատյացություն Ադրբեջանում սերմանվում է նաև դպրոցական գրքերի միջոցով։ Ըստ նրա, «Azerbaijan childhooed in hate» աշխատության մեջ հայ մասնագետները ներկայացրել են, թե ինչ է կատարվում ադրբեջանական դպրոցներում։

«Ներկայացրել ենք, թե ինչպես են Ադրբեջանում դաստիարակում ապագա սերնդին։ Հայատյացությունն իրենց մոտ սերմանվում է մանկուց։ Եվս մեկ փոքրիկ ձեռնարկ ունենք պատրաստած «Caviar Diplomacy» վերնագրով, որտեղ ներկայացնում ենք Ադրբեջանի լոբբիստների աշխատանքը։ Այստեղ զետեղված են նաև զեկույցներ Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» և հանցագործությունների մասին։ «Լեռնային Ղարաբաղ. Ինչպե՞ս է դա եղել» գրքում էլ ներկայացված է ողջ քրոնիկոնը»«- ընդգծեց նա։

Անժելա Էլիբեգովան նշեց, որ «Полигон Азербайджан»-ում էլ ներկայացվում է շատ լուրջ փաստավավերագրություն՝ ադրբեջանական իրական պատմության մասին։

«Այնտեղ դպրոցական դասագրքերը լի են ապատեղեկատվությամբ, իսկ այստեղ այդ բոլոր միֆերը հերքվում են։ Մեկ այլ հետաքրքիր ձեռնարկ է սա՝ «Ի՞նչ է տեղի ունեցել Խոջալուում»։ Այս գրքում տասը հարց և պատասխան է Խոջալուի մասին։ Մենք ցույց ենք տալիս, թե որտեղ է ադրբեջանական քարոզչությունը մեզ խաբում, ինչպես է խեղաթյուրում փաստերը»,- ներկայացրեց նա, տեղեկացնում է Panorama.am։