Սաղաթելյանը ոստիկանապետից պահանջեց բացատրություն տալ այսօրվա ոստիկանական գործողությունների համար

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը, Արա Ֆիդանյանը, Արթուր Մարտիրոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ՊՊԾ գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը պատասխանատվություն են կրելու այս խելագարի կողմից տրված հրահանգները կատարելու համար։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մեկ անգամ ևս պահանջում ենք, որ մաս չկազմեք այդ դավաճանի ծրագրերին, հիշեք ձեր այն ընկերներին, որոնց պատերազմի օրերին տարան ու թողեցին անտեր ու անհաց վիաճկում։ Հիշեք Շուշիի ձեր գործընկերներին, հիշեք, որ մենք էս ամեն ինչը անում ենք նաև հանուն ձեր երեխաների համար։ Դուք շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով մեր երկիրը ավելի եք խորտակման տանում»,- ասաց Սաղաթելյանը։

Նա պահանջեց, որ ոստիկանապետը իջնի և բոլորին ացատրություն տա ավելի վաղ Կառավարության 3-րդ շենքի մոտ կատարած ապօրինությունների համար։

«Այսօր դուք ձեզ պահել եք լկտի, խուլիգանի պես։ Եթե ձեզ թվում է, որ Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի և մյուս սրիկաների հրահանգով պետք է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք նահանջելու ենք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք կգնանք սադրանքի, որպեսզի բախման տանեք ու նոր արյուն թափեք Երևանում՝ էլի սխալվում եք»,- հայտարարեց Սաղաթելյանը, տեղեկացնում է News.am։