Զարիֆ. Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը

Իրանը դեմ է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի տեղակայմանը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Մոհամեդ Ջավադ Զարիֆը՝ նշելով, որ երկու երկրների հետ կապերի հաստատման հարցում Թուրքիայի կառավարության մոտեցումը սխալ է:

Թուրքիան հազարավոր զինորների է ուղարկել Սիրիայի և Իրաքի հյուսիսային տարածքներ՝ ռազմաբազաներ ստեղծելով երկու երկրներում՝ չնայած իրենց տարածքների վրա ոտնձգությունների հետ կապված Բաղդադում և Դամասկոսում ցույցերին:

«Մենք մերժում ենք Սիրիայում և Իրաքում թուրքական ռազմական ներկայությունն ու Դամասկոսի և Բաղդադի նկատմամբ Անկարայի քաղաքականությունը սխալ համարում»,-ասել է Զարիֆը իրանական պետական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Սիրիայում Իրանի միակ նպատակն է ահաբեկչության դեմ պայքարը, տեղեկացնում է News.am: