ՄԻՊ-ը ներկայացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը ԵՄ հատուկ ներկայացուցչին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում են ՀՀ մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիների՝ զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերադարձի հրատապության հարցը: Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հայ հասարակությանն ու հատկապես գերիների ընտանիքներին հոգեկան տառապանքներ պատճառելու ու երկրում լարվածություն առաջացնելու նպատակով:

«Պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական ժամանակահատվածում մարդու իրավունքների լուրջ խնդիրները, որոնք առաջացել են Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո անթույլատրելի արագությամբ ընթացող սահմանների որոշման գործընթացի պատճառով:

Արման Թաթոյանն ընդգծել է, որ ոչ միայն չի դադարել, այլ նաև նոր զարգացումներ է ստացել Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը։

ԵՄ պատվիրակությունն իր հերթին ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում և Պաշտպանի հետ համագործակցության կարևորությունը, տեղեկացնում է Sputnik Armenia: