ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՄՈՒԼՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ՝ «ԻՍԿԱՆԴԵՐԻ ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ» ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ռուսական մամուլն արձագանքում է Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» անգործունակության մասին հայտարարությանը։ Մասնավորապես, Փաշինյանը, պատասխանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ նա զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել, ասել է, որ «նա պետք է պատասխանի՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:

«Փաշինյանը հայտարարեց Ռուսաստանից գնված Իսկանդերի անարդյունավետության մասին»,- գրում է Ria-ն, նշելով, որ Փաշինյանը մանրամասներ չի հայտնել։

Ասվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարեց հակամարտության ընթացքում «Իսկանդեր»-ի օգտագործման մասին: Բայց թե որ ուղղությամբ էր կիրառվել համալիրը, նա չէր ասել:

Ռուսական Vedomosti-ն ևս գրում է «Փաշինյանը հայտարարեց Ռուսական «Իսկանդեր»-ի անարդյունավետության մասին»

Նշվում է, որ 2016 թվականին Հայաստանը առաջին օտարերկրյա պետությունն էր, որը Ռուսաստանից ստացավ «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Դրանք ցուցադրվել են նույն տարվա սեպտեմբերին`երկրի Անկախության օրվա շքերթին: Հայաստանն այդ զենքերը ձեռք է բերել ՀԱՊԿ շրջանակներում զենքի մատակարարման մասին պայմանագրերի հիման վրա: Համակարգի հիմնական նպատակն է ոչնչացնել հակառակորդի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև թիրախները՝ մինչև 500 կմ հեռավորության վրա: Երևանը զինված է 280 կմ հեռահարություն ունեցող «Իսկանդեր» համալիրի տարբերակով, գրում է կայքը։

«Փաշինյանը հաստատեց տեղեկատվությունը՝ Լեռնային Ղարաբաղում «Իսկանդեր» համալիրի օգտագործման մասին»,- գրում է interfax-ը, մեջբերելով Փաշինյանի խոսքերը։

Interfax-ը ևս նշում է Մովսես Հակոբյանի խոսքերը, որ Իսկանդերն օգտագործվել է, բայց որտեղ և երբ չի նշել։

Ավելի ուշ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Իսկանդերն օգտագործվել է Շուշի քաղաքի ուղղությամբ՝ պատերազմի վերջին օրերին:

«Փաշինյանը ռուսական «Իսկանդերները» անվանել է անգործունակ»,- գրում է Gazeta-ն։

Նշվում է, որ 2020-ի նոյեմբերին հաղորդվեց, որ հայկական զինված ուժերը «Իսկանդեր» են օգտագործել Լեռնային Ղարաբաղում ռազմական բախման ընթացքում:

«Փաշինյանը կասկած հայտնեց ռուսական «Իսկանդեր»-ի արդյունավետությանը»,-գրում է RBC-ն։

Փաշինյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղում աշնանային հակամարտության ընթացքում ռուսական հրթիռային համակարգերը «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:

Անցյալ տարի Ղարաբաղում հակամարտության ընթացքում Հայաստանն ուներ առնվազն 16 հրթիռային համակարգ՝ ութ Էլբրուս, չորս Տոչկա և չորս «Իսկանդեր»:

Մեջբերվում է նաև Մովսես Հակոբյանի խոսքերը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը օգտագործել է «Իսկանդեր»-ը:

Իսկանդեր համալիրներն առաջին անգամ ցուցադրվել են 2016-ի սեպտեմբերին Երևանում կայացած զորահանդեսում: Երկրի Պաշտպանության նախարարությունը հաստատել է համալիրների առաքումը 2017-ի փետրվարին՝ նշելով, որ Ռուսաստանի հետ պայմանագրի մանրամասները դասվում են որպես «խիստ գաղտնի»: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ դրանց տեղակայումը հարկադրված միջոց է՝ տարածաշրջանում իրավիճակը հավասարակշռելու համար, գրում է կայքը։

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իսկանդեր» ռուսական օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի (OTRK) անգործունակության մասին»,-գրում է Lenta-ն։

«Իր հերթին, վարչապետն ասել է, որ ռուսական հրթիռները «օգտագործելի չեն» և ամբողջությամբ չեն պայթում: «Թող (Սարգսյանը՝ Lenta.ru- ի մեկնաբանությունը) հարց տա, թե ինչու «Իսկանդեր» հրթիռը չպայթեց: Կամ ինչու՞ այն պայթեց, օրինակ, 10 տոկոսով»,- ասաց Փաշինյանը»,- գրում է Lenta.ru-ն։

Panorama.am