Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ Է` ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ «ԻՍԿԱՆԴԵՐ»-Ը ՊԱՅԹԵԼ Է 10%-ՈՎ

Հայաստանում «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի աշխատանքի վերաբերյալ բողոքներ նախկինում երբեք չեն եղել, իսկ այն հարցի շուրջ, թե ինչ նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը «10 տոկոսով պայթած» հրթիռներ ասելով, «գլուխ է ջարդում» ամբողջ երկիրը և այլ պետություններ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Razm.info ռազմական լուրերի կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Բոլորովին անհասկանալի է, թե ինչ է նշանակում պայթել 10%-ով: Ողջ Հայաստանը, և կարծում եմ, ոչ միայն Հայաստանը երեկվանից գլուխ է ջարդում` ինչ էր նկատի առնվում: Ամենայն հավանականությամբ, «Իսկանդեր»-ը կիրառվել է ռազմական գործողությունների վերջում, և ես ոչ մի բողոք չեմ լսել այն մասին, թե այն չի աշխատել»,- ասել է Վրթանեսյանը՝ հավելելով, որ «Իսկանդեր»-ի կիրառումը պաշտոնապես չի հերքվել:

Փորձագետը կարծում է, որ Փաշինյանի խոսքը կարող էր «պատասխանից խուսափելու իմպուլսիվ փորձ լինել»: «Գուցե դա ինքնաբուխ հայտարարություն էր, գուցե և ոչ: Դժվար է հասկանալ, հատկապես, որ ինքը` հայտարարողն այն խեղաթյուրել է: Նա ասաց, որ «Իսկանդեր»-ը չի պայթել, հետո հավելեց, որ պայթել է 10%-ով և իր հայտարարությունն ավարտեց «չգիտեմ» արտահայտությամբ»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը:

«Առավել ևս հարցն այն մասին էր, թե ինչու համալիրը չի օգտագործվել պատերազմի առաջին օրերին: Ի պատասխան հայտարարվել է պատերազմի վերջում ինչ-որ խնդիրներով կիրառման մասին: Այսինքն, այնուամենայնիվ, դա հարցի պատասխան չէր: Եվ ոչ ոք չի հասկանում, թե ինչ է նշանակում պայթել 10%-ով: Այնտեղ համալիր մարտագլխիկ չէ, որպեսզի հայտարարվի, որ որոշ մասեր աշխատել են, որոշները՝ ոչ: Երկրորդ, կիրառման տարածքն այն պահին գտնվել է հակառակորդի վերահսկողության ներքո և ես չեմ հասկանում, թե ինչպես էր հնարավոր պարզել՝ ինչ է այնտեղ պայթել և ինչ տոկոսով»,- նշել է Վրթանեսյանը:

Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, - խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Tert.am