ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԱԳՈՐԱՆ». ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեց ժողովրդի մասին։ Նրա յուրաքանչյուր երրորդ բառը Հանրապետության հրապարակում անցկացված երեկվա հանրահավաքի իր ելույթում, որտեղ իշխանություններն ու իրենց կամակատարները քշել էին մի քանի հազար քաղաքացիների, համալրելով մի քանի հարյուր իրավապահներով, գրեթե երեք տարվա վաղեմության բառապաշարից էր։ «Ժողովրդի իշխանություն», «իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունք», «ժողովուրդն է որոշելու անելիքը», «ոչ ոք չի զիջելու ժողովրդի իշխանությունը «կոռումպացված ռեժիմին». Փաշինյանի ելույթը լեփ-լեցուն էր այս և նմանատիպ շինծու ու պոպուլիստական արտահայտություններով, որոնք համեմված էին գեներալներին հասցեագրված սպառնալիքներով, նախագահին ուղղված շանտաժով և քաղաքացիների հետ հաշվեհարդար տեսնելու խոստումներով: Ընդ որում այդպես էլ անհասկանալի մնաց, թե հատկապես ինչ և ում էր նա ուզում ապացուցել՝ պետության գրեթե երեք տարվա ղեկավարի կարգավիճակով դիմելով փողոցային ակցիաների իր սիրելի մեթոդին։

2018 թվականի ամռանը, արդեն լինելով բարձր պաշտոնում, Փաշինյանը դեռ շարունակում էր հանրահավաքներ անցկացնել և դրանցից մեկի ընթացքում ամպագոռգոռ խոստացավ, թե իբր՝ այսուհետ Հայաստանում բոլոր որոշումներն ընդունվելու են ժողովրդի կողմից՝ հանրապետության գլխավոր հրապարակում, հին հունական ագորայի օրինակով։ Մի քանի ամիս անց, նույն տարվա հոկտեմբերին, լիբանանահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ եթե ի հայտ գա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդունելի տարբերակ, ապա կքննարկեն դա Հայաստանի և Սփյուռքի ժողովրդի հետ, ընդ որում վճռորոշ խոսքը կասեն արցախցիները։ Եվ կտրականապես բացառեց հարցը ժողովրդից գաղտնի լուծելու որևէ հնարավորություն՝ նշելով, որ այդ դեպքում «ցանկացած իշխանություն կկորցնի վստահությունը»։

Նոյեմբերի 9-ին պարզվեց, որ 2 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ստում էր ամենաանպատկառ կերպով։ Քանզի արեց հենց դա. լուծեց հայոց պետականության համար կարևորագույն հարցը ժողովրդից թաքուն, ստորագրելով խայտառակ հայտարարությունը միանձնյա, հայտարարության բովանդակությունը չներկայացնելով ոչ միայն ժողովրդին ու հանրությանը, այլև նույնիսկ իր գրպանային խորհրդարանին։ Եվ արեց դա գիտակցաբար, քանզի շատ լավ գիտեր, թե ինչպիսին կլինի պատասխանը, գիտեր, որ եթե դիմի ժողովրդին, ապա ոչ մի կերպ չի կարողանա կատարել իր պարտավորությունները թուրքերի հանդեպ. այն, ինչի համար իրեն իշխանության էին բերել 2018-ի ապրիլին։ Դրան հաջորդած բոլոր արդարացումները, թե իբր՝ ժամանակ չկար և այլն, արժեզրկվեցին Պուտինի այն խոսքերից հետո, որ հայտարարությանը նախորդել է կողմերի մանրակրկիտ և բավական երկար աշխատանքը։

Նիկոլը ոչ միայն չդիմեց «ագորային», այլև գործնականում խոր ընդհատակ մտավ եռակողմ հայտարարության մասին հաղորդելուց անմիջապես հետո, հասկանալով, որ կորցրել է վստահությունը և միանգամայն կարող է կորցնել իշխանությունը։

Այդ օրվանից անցավ ավելի քան երեքուկես ամիս։ Փաշինյանի «դուխը» տեղը եկավ, նա լկտիացավ ու նույնիսկ լպիրշացավ, փորձելով ձևացնել, թե առանձնապես ոչինչ չի պատահել, և երկիրը վստահորեն գնում է դեպի տնտեսական բարգավաճում՝ թուրքերի հետ համագործակցությամբ։ Նրան թվաց, թե հնարավոր է ներել Հայրենիքի գրեթե 75%-ի հանձնումը, մոտ 5 հազար հայրենակիցների մահը, հաշմանդամ դարձած ավելի քան 10 հազար մարդու խեղված ճակատագիրը և շուրջ 300 գերիներին ու պատանդներին վերադարձնելու անկարողությունը, և շարունակել ապրել՝ հանդուրժելով այդ ամենը թույլ տված և պետությունը թշնամուն հանձնել շարունակող իշխանություններին։

Սյունիք կատարած խայտառակ այցից հետո իրեն վարչապետ համարող սուբյեկտը շրջահայաց կերպով խուսափում էր ժողովրդի հետ հանդիպումներից, իսկ եթե անգամ հանդիպում էր, ապա միայն տասնյակ ոստիկաններով շրջապատված, կամ որպես դերասաններից մեկը՝ «ժողովուրդն առաջվա պես աջակցում է իր վարչապետին» թեմայով բեմադրություններում։

Սակայն փետրվարի 25-ին, այն բանից հետո, երբ առավոտյան հայտնվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով, իրավիճակը կտրուկ փոխվեց և ուր որ է ոգեպնդվող Նիկոլը հանկարծ հիշեց ու կրկին զգաց «ագորայի» կարիքը։ Ոչ, խոսքը պետականության համար կարևորագույն հարցերի մասին չէ, օրինակ՝ Սյունիքի պաշտպանության, սահմանների գծանշման, տարածքային հետագա զիջումների, Արցախի կարգավիճակի կամ, վերջապես, հանրապետության անկախության ճանաչման, Ադրբեջանի համար դեպի Նախիջևան ճանապարհ բացելու։ Ամենևին։ Այդ մասին նա առաջվա պես պայմանավորվում է բացառապես Ալիևի հետ, և բացառապես միանձնյա. գրավոր ու բանավոր գաղտնի պայմանավորվածությունների տեսքով։ Ժողովրդին ոչ մի կերպ, նույնիսկ խորհրդարանում փաշինյանական մեծամասնության տեսքով, թույլատրված չէ մասնակցել այդ ճակատագրական հարցերի լուծմանը։

Հոծախումբը կրկին պետք եկավ Նիկոլին ընդամենը ձեռքից ակնհայտորեն փախչող իշխանությունը պահելու համար։ Նա զգաց, որ այս անգամ պաշտոնից զրկվելու և դավաճանության համար պատասխանատվության ենթարկվելու վտանգն ավելի իրական է, քան նոյեմբերին, և որոշեց «ուժ» ցուցադրել։ Իսկ բացի այդ՝ ավելորդ ցախ գցել ժողովրդի պառակտման խարույկն ու բախման հրահրել իր կողմնակիցներին (իրական ու հրապարակում հարկադրաբար ներկա գտնվողներին) ընդդիմադիր ուժերի և իր հրաժարականը պահանջող հարյուր հազարավոր քաղաքացիների հետ։

Ճիշտ է, առանձնակի «ագորա»՝ այնպիսի և նույնիսկ գոնե մոտավոր այն մասշտաբներով, որ նա լիովին կարող էր ակնկալել 2018-ին, չստացվեց. օգտագործելով հարկադրանքի բոլոր մեթոդներն ու վարչական լծակները՝ հաջողվեց ապահովել մոտ 3 հազար թվաքանակ, մեծ քանակությամբ իրավապահների հետ մեկտեղ: Եվ դա, պետք է ենթադրել, առավելագույն քանակն է, որ այսօր կարող է հավաքել իրեն սպառած ու երկիրն աղետի եզրին հասցրած «ժողովրդական վարչապետը»։

Փաշինյանը, ըստ էության, ստացավ ակնառու հաստատումը, թե ինչպիսին է իր աջակցության մակարդակը երկրում։ Հաշվի առնելով օրվա ողջ ընթացքում Հայաստանի, Արցախի շրջաններից, տարբեր կազմակերպություններից և Սփյուռքից ստացվող հաղորդագրությունները՝ Հայոց բանակի սատարումով և վարչապետի հրաժարականի պահանջով, նույնիսկ Թատերական հրապարակում տեղի ունեցած շատ ավելի բազմամարդ հանրահավաքը չի արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը։ Ընդ որում այդ տարբերությունն ավելանալու է իշխանության ղեկին Փաշինյանի ներկայության յուրաքանչյուր ավելորդ օրվա հետ, և դա անշուշտ հասկանալի է բոլորին, այդ թվում ՝ Անկարայում նստած նրա տերերին, որոնք ամբողջ երկու հրապարակային ազդանշան ուղարկեցին մեկ օրում։ Թեպետ, այդ ազդանշանները, ինչպեսև Ալիևի բավական ոչ երկիմաստ հայտարարությունը, ուղղված էին ավելի շուտ ոչ թե Երևանին, այլ Մոսկվային։

Ամեն դեպքում մի բան պարզ է. ամենավերջին պահին, երբ այդ սուբյեկտը հասկանա, որ փրկության միակ ճանապարհը խուճապահար փախուստն է երկրից, նա, առանց մի պահ անգամ երկմտելու, «կքցի» ոչ միայն այն սակավաթիվ քաղաքացիներին, որոնք երեկ դուրս էին եկել Հանրապետության հրապարակ՝ «ագորա» պատկերելու, այլև իր ամենամերձավոր թիմակիցներին։ Հնարավոր է, որ ամենամտերիմ մի քանիսին թռցնի իր հետ՝ թիվ 1 օդանավով, բայց դուրս բերել ողջ խմբակցությանն ու ողջ կառավարությանը, այն էլ ընտանիքներով հանդերձ, չի ստացվի: Պետք է ընդունել, որ դա միանգամայն արդարացի կլինի. ամենախիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլոր նրանք, ովքեր մինչ օրս պաշտպանում են դավաճանին և օգնում նրան ավարտին հասցնել հայոց պետականության ոչնչացումը։