Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ. ԵՐԵԿ ՇՈՒՏ ԷՐ, ՎԱՂԸ ՉԷ ՄՅՈՒՍ ՕՐԸ ՈՒՇ ԿԼԻՆԻ

Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սև տարիներ: Այս մասին իր Facebook-յան էջում նշել է ««Իզվեստիա» թերթի խմբագրություն» ԲԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրելյանովը:

«Հայաստանը և թուրք օկուպանտներից ազատագրումը:

Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի զարգացման իր տրամաբանությունը: Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի իր հստակ ժամանակային շրջանակները: Ազատագրական յուրաքանչյուր շարժում ունի իր առաջնորդներն ու իր թշնամիները:

Հայաստանում իրավիճակը առավելագույնս հստակեցվել է: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը խայտառակ պարտությունից և ըստ էության իր բանակին ու իր ժողովրդին խաբելուց հետո մերկացրել է իր գաղափարախոսությունը: Այն հստակ է: Դա Ռուսաստանը անգործունակ պետություն ճանաչելն է, թուրքական պրոտեկտորատի տակ անցնելը և ինքնիշխանության հավակնող պետական ինստիտուտների ոչնչացումը: Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, ապա առավելագույնը երկու տարի հետո Հայաստանը չի ունենա գործունակ բանակ, գործունակ պետական կառավարում: Ամեն ինչ, բացարձակապես ամեն ինչ կառուցվելու է փիառի, խաբեության և հայ ժողովրդի խայտառակման վրա: Սա չեն կարող հասկանալ միայն հիմարները և բացահայտ դավաճանները: Վարդան Մամիկոնյանի, Նժդեհի և Սողոմոն Թեհլերյանի սխրանքներով դաստիարակված հայության գաղափարախոսությունը դուրս կմղվի թուրքական լիրայի և ադրբեջանական մանաթի գաղափարախոսությամբ: Հայոց ցեղասպանությունը կմոռացվի, փոխարենը կճանաչվի Խոջալուի ցեղասպանությունը: Սրանք իմ ապոկալիպտիկ բառերը չեն, սա Հայաստանի ոչ հեռավոր, ամենևին ոչ հեռավոր ապագան է:

Հինգ տարի առաջ ում մտքով կանցներ, որ Ուկրաինայում կչեղարկեն Հաղթանակի օրը և պատվով կհուրկավորեն նացիստ հանցագործներին:

Մյուս կողմից՝ Գլխավոր շտաբը, հայ գեներալները, հայկական բանակը կտրականապես դեմ հանդես եկան Հայաստանի թուրքական օկուպացիային: Ամբողջ աշխարհում ժողովրդի սերուցքը Փաշինյանի ծրագրերը ընկալեց որպես հանցագործություն ազգի ու նրա պատմության դեմ և ազատագրական շարժում բարձրացրեց: Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վերածվել է ազատագրման խորհրդանիշի: Գեներալներն ու բանակը գրեթե մի մարդու պես կանգնեցին հավատուրացների ճանապարհին:

Հիմա Հայաստանի պատմության մեջ Ցեղասպանության ողբերգությունից հետո ամենավտանգավոր պահն է: Լենինին վերաշարադրելով՝ երեկ դեռևս շուտ էր, վաղն արդեն ուշ կլինի: Լենինն իրավացի էր, ազատագրական շարժումը ժամանակային տրամաբանություն ունի:

Եթե հայերը 3 օրում երկիրը չազատագրեն, կսկսվեն թուրք-փաշինյանական սև տարիներ: Էրդողանի օրինակով բանակը կգլխատվի, գեներալներն ու սպաները մինչև գնդապետներ ու մայորներ կբանտարկվեն ու մահապատժի կենթարկվեն: Հայրենասիրական շարժման ղեկավարները և համակիրները կկալանավորվեն ու դատի առաջ կկանգնեն:

Արևմուտքում ոչ մեկը բառ իսկ չի ասի: Երբ չասացին պատերազմի 44 օրում Արցախի բնակիչների բնաջնջումից հետո:

Երեկ շուտ էր, վաղը չէ մյուս օրը ուշ կլինի»,- նշել է Արամ Գաբրելյանովը:

News.am