Մարուքյան․ Փաշինյանը 1-ին տեղում է կամայականությունների և պետականության դեմ գործելու իմաստով

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր՝ մարտի 1–ին, Մյասնիկյանի արձանի մոտ` հարգանքի տուրք մատուցեցին Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին Մյասնիկյանի արձանի մոտ։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը News.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ դատարանում քննվում է միայն սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործը, բայց 10 զոհերի սպանությունների բացահայտման ուղղությամբ ոչինչ չի արվել, մինչդեռ գործող իշխանությունը խոստացել էր, որ Մարտի 1–ն ամբողջությամբ բացահայտվելու է։

«Մարտի 1–ին խաղաղ ցուցարարների դեմ տեղի է ունեցել ուժի կիրառում, որի հետևանքով զոհեր ենք ունեցել։ Հիմա այդ սպանությունների դեպքերը բացահայտվե՞լ են։ Ցավոք, բոլորի մոտ տպավորություն էր, որ իշխանափոխություն լինի՝ Մարտի 1–ը կբացահայտվի, բայց իշխանափոխությունից հետո էլ չգիտենք, թե ովքեր են այդ արյունահեղություն իրականացնողները։ Սա իշխանության հերթական ձախողումն էր, նրանց խոստումը կյանքի չկոչվեց։ Այդ մարդկանց ընտանիքներին հո միայն փող տալով չէր, ոչ ոք չի ասում՝ բա ո՞վ է սպանել, ինչո՞ւ այդ հարցը չի տրվում»,– ասաց նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, ժամը ժամը 18.30-ին քաղաքացիներին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի և երթի։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները վարչական ռեսուրս են օգտագործում, որպեսզի հրապարակը լեփ–լեցուն լինի։ Նախօրեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել էին ձայնագրություններ, որում լսվում էր, թե ինչպես են մարզպետարանների աշխատակիցներն ու որոշ համայնքների ղեկավարներ ասում, որ մարդկանց են հավաքագրել և նրանց կտեղափոխեն Երևան։ ԼՀԿ ղեկավարը իշխանությունների այս գործելաոճը խայտառակություն է որակում։

«Մի իշխանություն, որն իր քաղաքական կենսագրությունը կերտել է նման ձայնագրություններ անելով և ցույց տալով, թե ՀՀԿ–ն ինչ ձևով է վարչական ռեսուրս օգտագործելով բերում հանրահավաքներին, հիմա նույն ինքն է անում, ավելի ամբարտավան ու լկտի ձևով։ Դատապարտում եմ, և բոլորին կոչ անում, որ որևէ ռեսուրսի չտրվեն և զոհերի հարգանքի տուրքը չմատուցեն վարչական ռեսուրսի շրջանակում ձևավորված երթով»,– նշեց Մարուքյանը։

ՀՀ ԶՈՒ–երի գլխավոր շտաբի՝ վարչապետի և Կառավարության հրաժարականի պահանջից հետո ներքաղաքական կյանքը լարվել է։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ նախագահի կողմից Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից չազատելու վարչապետի առաջարկությունը չստորագրելու ֆոնին։ ԼՀԿ ղեկավարը ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար առաջարկում է, որ վարչապետը նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, բանակի և նախագահի դեմ հայտարարված «պատերազմը» դադարեցնի, և այդ դեպքում ԼՀԿ–ն պատրաստ է ստորագրել հուշագիր, որ վարչապետի հրաժարականի պարագայում չեն առաջադրելու որևէ թեկնածու, որպեսզի խորհրդարանը ցրվի, և գնանք ընտրությունների։

«Իմ առաջարկությունը վիժեցնող որևէ ուժ կլինի հետագա արյունահեղության, բախումների թիվ 1 պատասխանատուն»,– ասաց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի գրառմանը, թե «իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, այդ իսկ պատճառով առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով, Մարուքյանը իշխող ուժին հակադարձեց.

«Փաշինյանը 1–ին տեղում է կամայականությունների և պետականության դեմ գործելու իմաստով։ Նախագահն օգտվել է իր սահմանադրական լիազորություններից, ստացվում է, որ եթե մի դեպքում նախագահը իր սահմանադրական իրավունքից օգտվում է՝ Փաշինյանն ու նրա թիմը սկսում է ասել, որ նախագահը հակասահմանադրական գործողություններ է անում, նրան պետք է պաշտոնանկ անել, հիշում են, որ նա երկքաղաքացի է եղել, որ ինչ-որ հայտարարագիր չի ներկայացրել, մինչև այդ, որ ստորագրում էր ամեն ՞նչ նորմալ էր հա՞»։