Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՉՊԵՏՔ Է ԱՆՊԱՏԱՍԽԱՆ ԹՈՂՆԵԼ

Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Եթե դիտարկենք Նիկոլ Փաշինյանի ելույթի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին վերաբերող հատվածը, ապա այն, մեղմ ասած, հակասական է, տրամաբանության մեջ չի տեղավորվում։

Նախ Փաշինյանը նշում է՝ «այս պահի դրությամբ Զինված ուժերը և Օնիկ Գասպարյանը կարմիր գծեր չեն հատել», ապա հաջորդ ձևակերպմամբ նշում, որ գեներալ Գասպարյանը դավաճանություն է կատարել։

Եթե Օնիկ Գասպարյանն, ըստ Փաշինյանի, կարմիր գծեր չի հատել, ապա ինչպե՞ս է ստացվում, որ դավաճանություն է կատարել։

Երկրորդ, մարդուն պետական՝ երկրի թիվ մեկ զինվորականին, դավաճանության մեղադրանք է ներկայացնում ոչ թե սովորական ֆեյսբուքյան օգտատեր, այլ երկրի վարչապետ։

Վարչապետ Փաշինյանը դեմքի լուրջ արտահայտությամբ խոսում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի «դավաճանության» մասին, ապա դըմփ-դըմփ-հու գոռալով «սգո երթի» մեկնում։

Դեռ չգիտեմ՝ գիտակցվա՞ծ, թե՞ չգիտակցված ձևով, Փաշինյանը բանակին և անձամբ Օնիկ Գասպարյանին կտրուկ գործողությունների է մղում։

Մի բան հաստատ գիտեմ՝ զինված ուժերին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել։

Պետք է դիտարկել անհրաժեշտ քայլերը իրավական, քաղաքական, բարոյական հարթություններում»,- գրել է նա։

News.am