Լևոն Քոչարյան․ Ծիծաղելի է Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է

Եթե մի քանի մարդ կար, որ կասկածում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ քրգործի շինծու լինելը, ապա նրանք էլ արդեն համոզվեցին այդ հարցում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` անդրադառնալով երեկ Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։

Փաշինյանն ասել էր, որ «Մարտի 1»-ի գործն, ըստ էության, իր գնահատմամբ, բացահայտված է։ Նա հիշեցրել էր, որ «Մարտի 1»-ի գործով կան դատարանի առաջ կանգնած մեղադրյալներ։

«Ինձ համար ծիծաղելի է Փաշինյանի այն արտահայտությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. հերթական հիմարությունն է դուրս տվել։ Փաշինյանը միշտ նոր բաներ է ուզում մտցնել այս գործում` փաստացի քողարկելու այն, որ տարիներ շարունակ իրենք խաբել են մարդկանց և այս քրգործի սլաքներն ուղղել են այլ տեղ»,–ասաց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը հրապարակում հավաքված իր աջակիցներին պետք է մի բան ասեր, դրա համար էլ հայտարարեց, թե գործը բացահայտվել է։ Քոչարյանի որդին նշեց` Փաշինյանը տարիներ առաջ էլ հայտարարում էր, որ երբ իշխանության գա, մի քանի օրում կբացահայտեն այդ գործով ամեն ինչ։ Սակայն, ինչպես նշեց Լևոն Քոչարյանը, մի քանի տարի անցավ, և արդյունքը հիմա տեսնում ենք։

Քոչարյանի որդին իր խոսքն ամփոփեց` ասելով, որ հոր դեմ հարուցված քրգործը բավական հեռու է իրավունքից, տեղեկացնում է Sputnik Armenia։