ԱՄՆ-ը Նավալնու պատճառով պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի կառավարության յոթ պաշտոնյաների նկատմամբ` բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով: Այս մասին լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու թունավորմանը և ազատազրկմանը [ամերիկյան] գերատեսչությունների արձագանքի շրջանակներում ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի կառավարության յոթ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Այս միջոցառումների շրջանակներում ֆինանսների նախարարությունը միանում է Պետդեպարտամենտին և առևտրի նախարարությանը»,- ասել է նա:

ԱՄՆ-ը նաև խստացնում է Ռուսաստան արտահանման սահմանափակումները, «սև ցուցակում» ընդգրկում է 14 հաստատությունների, տեղեկացնում է News.am:

«Այսօր մենք դաշնային ռեեստրում [ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ցուցակ] կհրապարակենք 14 հաստատությունների ցանկ, որոնց նկատմամաբ կգործեն արտահանման ամենամեծ սահմանափակումները։ Նրանցից ինը ռուսական են, երեքը՝ Գերմանիայից, մեկը՝ Շվեյցարիայից, մեկը՝ պետական հետազոտական ինստիտուտ է,- ասել է նա,- Նրանք բոլորը զբաղվում են այնպիսի գործողություններով, որոնք հակասում են ամերիկյան շահերին՝ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտում»: