Ղազինյան․ Եթե նախագահը չկատարի իր գործառույթները, կդառնա պետական հանցագործության մեղավորը

Եթե Հանրապետության նախագահը վաղը մինչև 10։00-ն չկատարի օրենքով սահմանված իր գործառույթները, ապա կդառնա այս պետական հանցագործության մեղավորը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատմանը:

Ըստ Ղազինյանի՝ նախագահը ստեղծված իրավիճակում պետք է ստանձնի պատասխանատվություն՝ որպես պետության գլուխ. «Իր վրա վերցնի կայունացման գործառույթը և դառնա միջնորդ երկու կողմերի միջև՝ փորձելով բերել մի ընդհանուր շահի և այդ շահի վրա ապագայի ձևավորմանը։ Կամ նախագահը դա կանի վերկուսակցական մակարդակում՝ լինելով արբիտր քաղաքական երկու բևեռների, կամ կդառնա մի քաղաքական բևեռի շարունակություն, այսինքն՝ բավարարելով Նիկոլ Փաշինյանի զգացմունքները կամ նրա կողմից առաջ մղվող շահերը՝ դառնալով դրանք ներկայացուցիչը»։

Արթուր Ղազինյանը նշեց, որ նախագահը որպես հետևանք կրելու է պատասխանատվություն նաև իր այդ որոշման համար։

Ղազինյանը շեշտեց, որ նախագահը չունի լիազորություն՝ բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոն զբաղեցնող միակ զինծառայողի լիազորությունները դադարեցնելու. «ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ ընթացակարգ սահմանված չէ։ Այսինքն՝ 5 տարով նշանակումն արդեն խոսում է նրա երաշխավորված պաշտոնավարման և քաղաքական ուժերի հարաբերակցություններից զատ մասնագիտական գործունեություն իրականացնելու հնարավորության մասին։ Հայաստանում վերջին տարիներին Սահմանադրությունն ուղղակի ոտնատակ է տրվել իրենց քաղաքական շահերի տիրույթում։ Այս իշխանությունները դպրոցական գիտելիք չունեն իրավունքի մասին։ Նրանք Սահմանադրությունը հիշում են այն ժամանակ, երբ իրենց պետք է ինչ-որ մի բան վնասել կամ քանդել։ Երբ Սահմանադրությունը սահմանափակում կամ կաշկանդում է իշխանության գործողությունները, նրանք անմիջապես հիշում են ժողովրդի իշխանության մասին, ասում են՝ դա ժողովուրդն է պահանջում, ժողովուրդը սահմանադիր է»։

Նա պնդեց՝ կա փաստ, որ Հանրապետության նախագահը չի կատարում պետության գլխին լինելու իր հիմնական գործառույթը։

«Այստեղ գլխավոր պայմանը ԳՇ պետի անձնական ցանկությունն է, կամ եթե նա կատարել է օրենքով արգելված որևէ արարք։ Այս գործընթացը սահմանադրական կարգի տապալում է, քանի որ Նիկոլ Փաշինյանը բանակը ներքաշեց քաղաքական գործընթացների մեջ։ Եթե նախագահը մինչև այսօր ժամը 18։00-ն, կամ վաղը մինչև 10։00-ն չկատարի օրենքով սահմանված իր գործառույթները, ապա նա ևս կդառնա մեղավոր այդ պետական հանցագործության մեջ»,- նշեց Ղազինյանը։

Հիշեցնենք, որ Նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ Նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: