ՄԻՊ-ը քննադատել է ԱԺ պատուհաններից հրազենի և դիպուկահարների ցուցադրությունը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է մամուլում ու սոցցանցերում մեծ աղմուկ հանած ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևացող դիպուկահարների թեմային։

Նա նշել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:

Տեղեկացվում է, որ պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:

«ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում»,–գրել է Նա:

ՄԻՊ–ը նշել է, որ պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: