ՀԱՊԿ երկրների ներկայացուցիչները քննարկել են տեղեկատվական փոխգործակցության մեծացման ծրագրերը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ներկայացուցիչները քննարկվել են Ճգնաժամային արձագանքման կենտրոնի բազայի վրա երկրների միջպետական տեղեկատվական փոխգործակցության մեծացումը: Այս մասին հայտարարել է Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հավաքի նպատակը ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի և նրա հետ փոխգործակցության լիազորություն ունեցող ազգային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կատարելագործումն է:

Հանդիպման մասնակիցները քննարկել են ճգնաժամի արձագանքման համակարգի արդիական խնդիրները և նախանշել են ՀԱՊԿ ձևաչափով տեղեկատվական փոխազդեցության բարելավման հիմնական ուղղությունները: Մասնավորապես, այս տարի համատեղ դասընթացներ կանցկացվեն այն պետությունների պաշտպանության գերատեսչությունների հետ, որոնք գտնվում են հավաքական անվտանգության նույն տարածաշրջանում:

Հավաքի մասնակիցները լսել են զեկույցներ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և դաշնային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ շրջանակներում որոշումներ կայացնելու, ԱՊՀ սահմանապահ զորքերը համակարգելու փորձի, ինչպես նաև ՀԱՊԿ երկրներում սպառնալիքի կամ արտակարգ իրավիճակների դեպքում տեղեկատվական փոխգործակցության կազմակերպման մասին:

Միջոցառմանը մասնակցել են կազմակերպության Միավորված շտաբի և քարտուղարության, ՌԴ ՊՆ-ի, Ռուսաստանի ԱԻՆ-ի, ՌԴ Պահպանության դաշնային ծառայության, ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի ներկայացուցիչներ: Տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպմանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի,Ղրղզստանի և Տաջիկստանի ներկայացուցիչները, տեղեկացնում է News.am: