ՀԱՊԿ երկրները մտահոգված են, որ աշխարհում աճում է անկայունությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները լուրջ մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ աշխարհում աճում է անկայունությունը, բազմապատկվում են ռիսկերը և սպառնալիքները, միջազգային հարաբերություններում ուժգնանում է կոնֆլիկտայնությունը: Այս մասին նշված է ՀԱՊԿ անդամ երկրների աշխարհում համապարփակ կայունության ապահովման վերաբերյալ հավաքական անվտանգության մասին հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
«Խաղաղության և կայունության համար հավասար պատասխանատվության, փոխադարձ հարգանքի և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներն ուշադրության չեն արժանանում ավելի ու ավելի հաճախ:
Գոյություն ունեն սպառազինության վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման գործող ճարտարապետության նպատակադրված վերացման գործընթացներ, որոնք հանգեցնում են միջազգային անվտանգության և կայունության էական թուլացմանը:
Գործոնները, որոնք բացասաբար են ազդում համընդգրկուն կայունության վրա, ինչպես նախկինում, շարունակում են աճել: ՀՀՊ գլոբալ համակարգի զարգացումը և տեղակայումը, տիեզերական տարածքում զենքի տեղակայման սպառնալիքը, սպառազինությունների մրցավազքի նոր տեխնոլոգիական մակարդակի անցնելու հեռանկարը, որը կարող է հանգեցնել սովորական սպառազինության ոլորտում քանակական և որակական անհավասարակշռության է՛լ ավելի մեծ աճի, ավելի զգալի ռիսկեր են պարունակում միջազգային խաղաղության և անվտանգության համար, խոչընդոտում են զինաթափման ոլորտում հետագա առաջընթացին, այդ թվում՝ միջուկային:
Այս պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրները կրկին հայտարարում են իրենց հանձնառության մասին համապարփակ կայունության հայեցակարգին, որը հիմնված է համագործակցության, հավասար և անբաժանելի անվտանգության վրա, ինչպես նաև պաշտպանում են վստահության վերականգնումը ու կառուցողական երկխոսությունը` կանխելու սպառազինությունների մրցավազքի ռիսկերը և ի վնաս երկարաժամկետ անվտանգության շահերի՝ ռազմական ակտիվության հետագա մեծացումը:
ՀԱՊԿ անդամ պետությունները մտահոգություն են հայտնում՝ կապված 1987 թվականի Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու ԱՄՆ որոշման հետ, ինչի հետևանքով այս պայմանագիրը կդադարի գործել:
Նշում են, որ չնայած ՀԱՊԿ անդամ պետությունների, ինչպես նաև այլ երկրների բազմաթիվ կոչերին, ամբողջությամբ չեն իրականացվել Պայմանագրի համատեքստում առկա խնդիրները կարգավորելու և դրա կենսունակությունն ապահովելու հնարավորությունները՝ կողմերի միջև բովանդակային և մասնագիտական երկխոսության, ինչպես նաև փոխադարձ թափանցիկ միջոցառումների հիման վրա: Շեշտում են ներկա պայմաններում հրթիռային ոլորտում կանխատեսելիությունն ու կայունությունն ապահովելու ուղղությամբ ջանքերի պահանջված լինելը:
ՀԱՊԿ անդամ երկրները բարձր են գնահատում համապարփակ կայունության պահպանման գործում 2010 թվականի ռազմավարական հարձակողական զենքի հետագա նվազեցման և սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրի դերը, ընդգծում են դրա անշեղորեն իրականացման անհրաժեշտությունը և ողջունում են Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների կողմից այն երկարացնելու մասին համաձայնագրի կնքումը: Նրանք նաև կոչ են անում ռազմական միջուկային ներուժ ունեցող բոլոր պետություններին միանալ միջուկային զենքի կրճատման և սահմանափակման գործընթացին բազմակողմ բնույթ տալու հնարավոր ուղիների քննարկմանը:
ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը ոչ միջուկային աշխարհ կառուցելու նպատակին և վստահությունը, որ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը մնում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարը, միջուկային զինաթափմանը տանող ճանապարհի շարժման հիմքը՝ առանց բացառության բոլոր պետությունների համար միջազգային կայունության, հավասար և անբաժանելի անվտանգության ամրապնդման պայմաններում և կոչ են անում պահպանել դրա ամբողջականությունն ու կենսունակությունը իրենց միջազգային պարտավորությունների շրջանակում:
Մենք վերահաստատում ենք բոլոր պետությունների՝ միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքը, և նաև շեշտում ենք ատոմակայանների դեմ ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի անթույլատրելիությունը: Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագիրը (ՄՓՀԱ) դեռ ուժի մեջ չի մտել: ՀԱՊԿ անդամ պետությունները կոչ են անում բոլոր այն պետություններին, որոնց գործողություններից կախված է Պայմանագրի ճակատագիրը, մասնավորապես` Հավելված 2-ում նշված մնացած ութ երկրներին անհապաղ վավերացնել ՄՓՀԱ պայմանագիրը: