Որոտանի գյուղապետ․ Այդտեղ խրամատներ չպետք է լինեն

Որոտանի հարակից տարածքում ադրբեջանցիները նախօրեին ինժեներական աշխատանքներ են սկսել և խրամատներ են փորում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Որոտանի վարչական ղեկավար Սուրիկ Օհանջանյանը։

«Որոտանի հարակից տարածքի 2 հարկանի շենքը, որը թուրքերի ձեռքն է ընկել, այ դրա դիմացը քանդում են և ինժեներական աշխատանքներ կատարում։ Մենք չգիտենք, թե ինչ են ուզում սարքեն, չգիտենք՝ ինքնապաշտպանություն են ուզում անեն, թե ուրիշ բան են ուզում կառուցել, միայն կարող եմ ասել, որ իրենք իրավունք չունենք ինչ-որ բան քանդել, որովհետև այդտեղ խրամատներ չպետք է լինեն»,- ընդգծեց Օհանջանյանը։

Որոտանի վարչական ղեկավարն ասաց, որ հայկական կողմից պաշտպանական ու ազգային անվտանգության մարմինները պետք է ճշտեն ու պարզեն, թե ինչ են ուզում անել ադրբեջանցիները։

«Գուցե իրենք արդեն զբաղվում են այդ հարցով, բայց ես չգիտեմ այդ մասին»,- նկատեց գյուղի վարչական ղեկավարը։

Սուրիկ Օհանջանյանի խոսքով՝ գյուղում խուճապային տրամադրություններ չկան։

«Նշենք, որ նախօրեին Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ թշնամին ինժեներական աշխատանքներ է սկսել Որոտանում։

«Որոշ ժամանակ անց կարող է տեսնենք, որ Որոտանից մինչև Շուռնուխի կենտրոն խրամատ է փորվել, արդեն երկայնքով աշխատանքները սկսել են։ Այս մասին պատասխանատու անգործունակներին զեկուցվել է հաստատ, իսկ արդյունքը՝ ինչպես միշտ, ոչ տեսնում են, ոչ լսում խաթարված ու վտանգված է գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը»։