ՀՀ օմբուդսմեն. Ադրբեջանի հետ սահմանների «հստակեցման» գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի

Սյունիքի մարզում նախքան սահմանների «հստակեցման» գործընթացի ավարտը պետք է 5-7 կմ լայնությամբ ապառազմականացված գոտի ստեղծվի: Այս մասին մարտի 5-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանը, տեղեկացնում է News.am:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ իշխանությունները, անհասկանալի պատճառներով, որոշեցին «հստակեցնել» սահմանները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, և դա արվում է Ադրբեջանի պայմաններով: Ավելի վաղ Հայաստանի օմբուդսմենը և դեմ էր արտահայտվել գործընթացին իր ներկայիս տեսքով:

Մարդու իրավունքների պաշտպանը սկսեց հայերի նկատմամբ Ադրբեջանի և, առաջին հերթին, այդ երկրի նախագահի կողմից իրականացվող ատելության քաղաքականության ապացույցները ներկայացնելուց, որի վերջնական նպատակը հայ ազգի լիակատար բնաջնջումն է և հայկական տարածքների բռնազավթումը, որն Ադրբեջանում որպես «իրենց պատմական հայրենիք» է ներկայացվում: Թաթոյանը Ադրբեջանի նախագահի մի քանի մեջբերում ներկայացրեց. «Հայաստան գոյություն չունի, դա արհեստական գոյացուցյուն է», «Ադրբեջանցիները հայերին լարում են շների պես», «շարունակենք լարել անուղեղ ստախոսներին» և այլն: «Լարում են շների պես» արտահայտությունն ընդհանրապես հեշթեգ էր դարձել պատերազմի օրերին: Օմբուդսմենի գրասենյակն ուսումնասիրել է ինչպես Ադրբեջանի նախագահի, այնպես էլ նրա «հետևորդների» հայտարարությունները սոցիալական ցանցերում: Հատկապես ականջ են ծակւոմ հարցումները «խոշտանգումների ենթարկել հայերին, թե ոչ» և «ինչպես կվարվեիք հայ երեխայի հետ» հարցերի ոգով:

Արման Թաթոյանը ներկայացրեց հայ բանտարկյալների սպանության, խոշտանգումների և ծեծի մի քանի տեսանյութ: Այդ բոլոր տեսանյութերը նկարահանվել և հրապարակվել են սոցիալական ցանցերում ադրբեջանցի զինվորականների կողմից: Այն, թե ինչպես են նրանք ուրախանում Գենադի Պետրոսյանի գլուխը կտրելիս և խոզի մարմնի վրա դնելիս, վեր է մարդկային ըմբռնումից: Եվ նրանք բոլորը կրկնում են իրենց նախագահին` օգտագործելով նույն բառերը և արտահայտությունները: ՄԻՊ գրասենյակը հրաձգություն է արձանագրել հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ: Ադրբեջանցի զինվորականները Սյունիքի բնակիչներին վախեցնելու համար խոշոր տրամաչափի հրաձգային զենք են օգտագործում: «Վերոհիշյալ ամեն ինչից հետո ես կցանկանայի մի հարց տալ: Ադրբեջանի նախագահն այդ երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է: Նա ուղիղ հրամաններ է տալի «լարելու» և «ոչնչացնելու» մասին: Ի ՞ նչ կարելի է սպասել ադրբեջանցի զինվորականներից»,- ասել է ՄԻՊ-ը:

Նրա խոսքով` սահմանների հստակեցման գործընթացի հիմքում, միջազգային օրենսդրությանը և պրակտիկային համաձայն, կարևոր սկզբունքներ են` օրենքի առաջնահերթություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքներ: Եվ դա ոչ թե հայեցողություն, այլ հրամայական է: Եթե այդ նորմերը չեն հարգվում, գործընթացի օրինականությունը հսկայական կասկածի տակ է դրվում: Գործընթացը, եթե այն արդեն ընթացքի մեջ է, պետք է հիմնված լինի հանձնաժողովի աշխատանքների արդյունքների վրա` ինժեներների, պատմաբանների մասնակցությամբ, տեղական բնակիչների հետ համագործակցությամբ, ինչպես նաև սահմանազատման ԽՍՀՄ ժամանակների գոյություն ունեցող քարտեզների կիրառմամբ:

«Այժմ բնակիչների, հատկապես երեխաների իրավունքների կոպիտ խախտում է տեղի ունենում: Կյանքի և սեփականության իրավունքի լուրջ սպառնալիքներ են ստեղծվել: Ներքին հանդ գյուղում դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերից 500 մետր հեռավորության վրա, որտեղից էլ կրակում են: Արդյո՞ք դա բխում է երեխաների շահերից: Խախտվում է ֆիզիկական և մտավոր անձեռնմխելիությունը: Մարդիկ կադաստրային կոմիտեի կողմից տրված օրինական փաստաթղթեր են ստացել պետական ​​մարմիններից, սակայն չեն կարողանում ֆիզիկապես օգտագործել իրենց ունեցվածքը. նրանք գտնվում են «ադրբեջանական» տարածքում կամ ադրբեջանցիների նշանակետի տակ: Եվ շատ գյուղերում է այդպիսի իրավիճակ: Սահմանները նշելիս կադաստրային փաստաթղթերի օգտագործման միջազգային դատական պրակտիկա գոյություն ունի:

Այդ մասին նշված է նաև ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի համապատասխան փաստաթղթում: Ընթացող գործընթացի արդյունքում այգիների, արոտավայրերի, իսկ Մեղրիում ջրի օգտագործման հետ կապված հսկայական խնդիր կա: Խախտվել է ձեռնարկատիրական գործունեության իրավունքը. կառավարության որոշմամբ, սահմանի մասին ՀՀ օրենքի հիման վրա Գեղարքունիքի տարածքում 200 հա տարածք տրամադրվել է ընկերությանը: 75 հա տարածքում ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է արվել: Խոսքը հողմաղացների մասին է: Այժմ այնտեղ ադրբեջանցի զինվորականներն են, ինչը ընկերության զրկել է նաև մնացած մասն օգտագործելու հնարավորությունից: Գործը փոխանցվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին միջպետական ​​բողոքի ներկայացման համար»,- նշեց ՄԻՊ-ը:

Թաթոյանն արձանագրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը, անկախ նրանից, թե ինչպիսին են զորքերը, բանակը կամ սահմանապահները, չեն կարող հայկական բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվել: Առավել ևս, որ նրանք նաև սադրանքների են դիմում: «Զենքով մարդիկ, ովքեր ընդամենը 2 ամիս առաջ սպանում և խոշտանգում էին մեր հայրենակիցներին: Ուստի մեր պետական ​​մարմինների բացատրությունները համոզիչ չեն թվում: Սակայն իրավիճակին հարկավոր է համապարփակ մոտենալ: Դրոշներն և ցուցանակները, որոնք ադրբեջանցիները որպես պատրվակ են օգտագործում` դրանց կողքին զինվորականների կանգնեցնելու համար: Նույնը որպես պատրվակ է օգտագործվում է նրանց շարժման համար: Բանը հասել է նրան, որ մարդիկ խուսափում են հիվանդանոց գնալ գիշերային ժամերին ադրբեջանցի զինվորականների պատճառով:

Իսկ ի՞նչ, եթե այսպես կոչված «ադրբեջանական» հատվածում, որով մեր ԱԱԾ-ն խորհուրդ է տալիս արագ անցնել, ՃՏՊ կամ հանցագործություն տեղի ունենա: Ո՞ր երկրի օրենսդրությամբ, ո՞ր երկրի ներկայացուցիչների կողմից է իրականացվելու հետաքննությունը: Քանի դեռ այս բոլոր խնդիրները չեն լուծվել, գոտին պետք է ապառազմականացվի: Գործընթացն անընդունելի արագությամբ է ընթանում, սահմանի մեխանիկական որոշում է կիրառվում` հիմքերի բացակայության կամ վատ հիմնավորման պայմաններում, ակնհայտ են հետևանքների անկանխատեսելիությունը և բնակիչների չմասնակցությունը, հաստատված գյուղական կյանքի լիակատար խախտումը, բնակիչների իրավունքների տոտալ կոպիտ խախտումները, և անմիջական հարևանությամբ` մի երկրի զինվորականներն են, որը էթնիկական զտումներ և ցեղասպանություն է հռչակում»,- շեշտեց Արման Թաթոյանը` հավելելով, որ գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի: Օմբուդսմենը նշեց միջազգային կազմակերպությունների կարևոր դերը` արձանագրելով, որ տեղի ունեցողը հիմնովին հակասում է բոլոր կոնվենցիաներին և այլ իրավական ակտերին: