Ամոթ զգո՞ւմ եք, որ Թուրքիան աջակցում է Նիկոլ Փաշինյանին. հարց՝ «Իմ քայլի» պատգամավորներին
Դուք ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ տեղեկանում եք, որ Թուրքիայի նախագահը, նաև թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունը աջակցում է Հայաստանի վարչպետին, ձեր թիմի ղեկավարին, դուք ամոթ զգո՞ւմ եք: Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հարց ուղղվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, տեղեկացնում է News.am-ը:
Ի պատասխան «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանն ասաց. «Մենք հասկանում ենք, որ այն երկրի ղեկավարը, որն անում է այդ հայտարարությունը, ինչ նպատակներով է դա անում, որպեսզի այդ հայտարարությունը ինչ ռեզոնանս առաջացնի Հայաստանում և ինչպես շահարկվի ՀՀ-ում: Ակնհայտ է, որ այդ հայտարարության թիրախն այն է, որ ՀՀ-ում որոշ ուժեր դա օգտագործեն և առաջին հերթին հարվածեն իշխանություններին ու վարչապետին:
Ես ի՞նչ զգացողություն եմ ունենում. ունենում եմ այն զգացողությունը, որ այդ պարագայում այդ հայտարարությունը դուք օգտագործում եք ՀՀ իշխանության, վարչապետի դեմ, որը ես կարծում եմ՝ հանդիսացել է Էրդողանի նպատակներից մեկը: Ինքն այդ հայտարարությունն արել է, որ Հայաստանում որևէ մեկը այդ փոխանցած գնդակը վերցնի պասերով և հետո թիրախավորի ՀՀ իշխանությանը: Ահա ինչպիսի զգացողություն ու վերլուծություն ես ունեմ: Դրա համար ես կարծում եմ, որ ՀՀ-ում բոլոր այն քաղաքական ուժերը, շրջանակները, որոնք ուզում են, որ մեր երկրի ներքին գործերին որևէ մեկը չխառնվի, յուրաքանչյուրը պետք է թույլ չտա, որպեսզի նման հայտարարությունները, որոնք ունեն հետին մտքեր, այդ հետին մտքերը Հայաստանում չդառնան քաղաքական շահարկումների առարկա»:
«Իմ քայլից» Սուրեն Գրիգորյանն էլ դիմելով լրագրողին ասաց. «Եթե դուք ամոթի զգացում ունեք այդ հայտարարությունների առումով, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդպիսի հայտարարությունների հվնկանությունն էականորեն կնվազի, երբ որ Թուրքիայում և այլ պետություններում կտեսնեն, որ այդ հայտարարությունները Հայաստանում, այդ թվում լրագրողների կողմից հարցերի տեսքով չեն դառնում ներքաղաքական օրակարգ»: