Պաշտպան․ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքի որևէ հոդվածով հիմնավոր կասկած առկա չէ։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպաններից Միհրան Պողոսյանը, տեղեկացնում է News.am։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, Արա Սաղաթելյանի կալանքից ազատ արձակելու որոշում կայացրեց։

«Հայաստանի Հանրապետությունում կատարվել է տոտալ անօրինականություն։ Մարդկանց քմահաճույքների պատճառով պարոն Սաղաթելյանը 20 հազար րոպեից ավելի, այսինքն՝ 14 օր գտնվել է անազատության մեջ։ Ես սա չեմ դիտարկում որպես հաղթանակ, ես սա դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետև, միանգամայն, հանցագործության հետ որևէ կապ չունեցո անձին իր բնական միջավայրից հանել են և պահել են լրիվ անօրինական կարգով ՔԿՀ-ում»,- նշեց Միհրան Պողոսյանը։

Պաշտպանի խոսքով՝ իրենք այս գործով հաղթանակ կգնահատեն միայն այն պարագայում, երբ տոտալ անօրինականությունների հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնատար անձինք կհայտնվեն, այս անգամ լրիվ օրինական հիմքերով, ՔԿՀ-ի ներսում. «Եվ կխորհեն այն հանգամանքի մասին, թե ինչպես է ստացվում, որ անձին որևէ հանցագործության հետ առնչություն չունենալու պարագայում ուղղակի հրահանգով ստիպում են, որ հայտնվի ՔԿՀ-ում։ Այդպիսի դատավորներն են, որ թույլ են տալիս գործող իշխանությանն այսպիսի վայրահաչումներ իրականացնել ԲԴԽ նախագահի հասցեին ԱԺ-ում։ Այդ պատճառով է, որ իշխանությունը ցանկանալով այդպիսի զանգվող և զանգող դատավորներ ունենալ փորձում է ԲԴԽ նախագահին իր զբաղեցրած պաշտոնից հեռացնել»։

Միհրան Պողոսյանը շեշտեց, որ դատավոր Արշակ Վարդանյանը չի հանդիսանում զանգող կամ զանգվող դատավորներից մեկը. «Մենք Վարդանյանի մոտ ունեցել ենք և ոչ բարենպաստ ելքով քրեական գործերի ավարտներ, և բարենպաստ գործերով. որևիցե անգամ այդ հարաբերություններն իրավաբանական մակարդակից դուրս չեն եկել։ Կարծում եմ՝ որևէ մեկը խելքը հացի հետ չի կերել, որ ՀՀ լավագույն դատավորներից մեկի նկատմամբ որևէ ոտնձգություն սկսի»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած այն հաղորդագրությունը, որում նշվում էր նաև, որ Արա Սաղաթելյանը խումբ է ստեղծել, ինչպես նաև առկա են այլ անձինք, հարցին՝ արդյոք այդ հանգամանքը քննարկման առարկա դարձե՞լ է դատարանում, Պողոսյանն ասաց.

«Այլ անձնանց առկայությունն ի հայտ եկավ ձերբակալման գիշերը։ 4 անձին ձերբակալելուց հետո հայտնի օգտատերը շարունակեց իր գրառումները։ Մինչև այդ կասկածանքի էության մեջ այդ անձնանց մասին որևէ տեղեկություն չկար։ ԱԱԾ-ն ամբողջ գիշեր մտածելով, թե ինչպես կարելի է վերագրել այդ օգտատիրոջ հաջորդ գրառումները, ավելացրեց, թե իբր այս գործում բացի այս 4 անձանցից ներկայացված են նաև այլ անձինք։ Այսինքն՝ փորձել էին իրավական գիր տալ այդ ամենին, որն իրականությանը չի համապատասխանում»։

Ինչ վերաբերում է այդ գործով անձանց փոխկապակցված լինելուն՝ պաշտպանն ասաց. «Նշել էին՝ գործընկեր Կարեն Բեքարյանը, պարզեցինք, որ Սաղաթելյանն ու Բեքարյանը երբևէ գործընկերներ չեն եղել, գրված էր վարորդ Մհեր Ավագյան, նա երբևիցե վարորդը չի հանդիսացել Սաղաթելյան, նշում էին՝ Արամ Սարգսյանը, Արա Սաղաթելյանն ասել էր, որ չի ճանաչում Արամ Սարգսյան անունով անձի»։