«Ժողովուրդ»․ «ԹԱՔՈՒՆ ԳՆԱԾ» 600 ԴՈԼԱՐԱՆՈՑ ԶՐԱՀԱԲԱՃԿՈՆՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾՆ ՈՒ ՊՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ

Պատերազմի ընթացքում զրահաբաճկոններ գնելու վերաբերյալ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը հետևած իրադարձությունները բավականին հետաքրքիր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը պատասխանել է ՀՀ պաշտպանության նախարարությունը և հայտնել, որ պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարությանը շրջանցման և ՀՀ կառավարության կողմից գնման միջոցով (600 դոլար արժողությամբ) զրահաբաճկոններ ՀՀՍ (Հրթիռահրետանային սպառազինություն) կենտրոնական բազա չեն մատակարարվել։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ խոսելով «թալանի և լափելու» մասին, սկանդալային հայտարարություն էր արել։ Ըստ նրա՝ պատերազմի ժամանակ կառավարությունը, շրջանցելով ՊՆ-ին, գնել է զրահաբաճկոն 600 դոլարով։ Եվ չնայած ՊՆ-ն, ըստ էության, հերքում է երրորդ նախագահին, սակայն հետաքրքիր է, որ կառավարությունն այս ամենը պետական գաղտնիք էր համարել:

Այսինքն` կառավարությունը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ այդ տեղեկությունը պետական գաղտնիք է պարունակում, ուստի այն հրապարակման ենթակա չէ։

Sputnik Armenia