Արփինե Հովհաննիսյան․ Օնիկ Գասպարյանն կարող է դիմել վարչական դատարան
Նույնիսկ եթե նախագահի կողմից ՍԴ դիմելու ժամկետն ավարտվի, իսկ դա ավարտվում է մարտի 9-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ունի տարբեր ճանապարհներ, այդ թվում դիմելու վարչական դատարան և վերականգնվելու իր պաշտոնում: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
«Թե ինչպես կորոշի ԳՇ պետը, ես չեմ կարող ասել, բայց փաստ է, որ թնջուկը չի հանգուցալուծվել»,-ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը նկատեց նաև, որ ոչ Սահմանադրությունը, ոչ էլ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքը հիմքեր չեն նախատեսում ԳՇ պետին ազատելու համար:
Հարցին, թե իր կարծիքով ինչու նախագահը վարչապետի առաջարկությունը չի վիճարկում և այդ հարցով չի դիմում ՍԴ, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «եթե մեկնաբանեմ վարչապետի դիրքերից, այդտեղ կարող է լինել սպառնալիք, քաղաքացիության թղթի շահարկում, կարող է լինել խնդրանք, արցունքներ, քաղաքական առևտուր»:
Անդրադառնալով ընդդիմության գործողություններին, նա նշեց, որ Բաղրամյան պողոտան փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում իշխում է դավաճանական խունտան, տեղեկացնում է News.am-ը: