ԱՀ ԱԳՆ. Ադրբեջանը ոչնչացնում է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը Արցախում

Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Արցախի բնակավայրերում հետևողականորեն ոչնչացվում է ֆաշիզմի ոչնչացմանը նպաստած մարդկանց հիշատակը: Այս մասին հայտարարել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը` News.am-ի խնդրանքով մեկնաբանելով վանդալիզմի և հուշարձանների պղծման մասին հաղորդումները Ղարաբաղի օկուպացված գյուղերում:

«Ադրբեջանի քաղաքականությունն Արցախի օկուպացված տարածքներում չի տարբերվում ցանկացած զավթչի և բռնազավթողի պահվածքից. ոչնչացվում է մշակութային ժառանգությունը, կողոպտվում է ունեցվածքը: Սակայն այստեղ մենք նաև հստակ արտահայտված աշխարհաքաղաքական միտումներ ենք տեսնում: Մասնավորապես, ակտիվորեն ոչնչացվում են հուշարձանները և ընդհանրապես այն գործիչների հիշատակը, որոնք ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ Սովետական ​​Միության հաղթանակի և շագանակագույն ժանտախտից մարդկության փրկության գործում:

Շուշի քաղաքում ոչնչացվել է Խորհրդային Միության կրկնակի հերոս, հայտնի ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի հուշարձանը, որի արժանիքներն ու գործերը ոսկե տառերով են գրված Հայրենական մեծ պատերազմի պատմության մեջ: Մի քանի օր առաջ ոչնչացվել է լեգենդար անձնավորություն, ԽՍՀՄ գունավոր մետաղագործության նախարար, Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպան Իվան Ֆյոդորովիչ Թևոսյանի հուշարձանը: Հենց Թևոսյանի շնորհիվ է ԽՍՀՄ-ը կարողացել գրեթե առանց կորուստների տարհանել արդյունաբերությունը երկրի արևմտյան շրջաններից Ուրալ և այդպիսով փրկել արդյունաբերությունը, առանց որի անհնար կլիներ արդյունավետ թիկունք ստեղծել և հաղթել պատերազմը: Թևոսյանը նաև առանցքային մասնակցություն է ունեցել ԽՍՀՄ ատոմային նախագծում: Մեծ մարշալներ Բաղրամյանի և Բաբաջանյանի հայրենիքում` Չարդախլու գյուղում, վաղուց ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի այս ականավոր հրամանատարների հուշարձանները: Մեծ հայերի` Թևոսյանի ու Բաղրամյանի արժանիքներն այնքան մեծ են, որ նրանց աճյունները հանգչում են Կրեմլի պատի մեջ: Մեծ թախեր գյուղում ոչնչացվել է ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակովի (Արմենակ Խանֆերյանց) հուշարձանը: Ազոխ գյուղում ոչնչացվել է Խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգի հիմնադիր հայրերից մեկի` գեներալ-գնդապետ Սերգեյ Սարդարովի հուշարձանը: Ծովակալ Իվան Ստեպանովիչ Իսակովի հիշատակը ոչնչացվում է նրա հայրենի Հադրութի շրջանում:

Թվարկված օրինակները հստակ ցույց են տալիս Ադրբեջանի իշխանությունների գործողությունների պանթուրքական բնույթը: Ֆաշիզմի դեմ պայքարած մարդկանց հիշատակի ոչնչացումը ֆաշիզմի աջակցություն է: Այս ամենն ուղղված է ոչ միայն և ոչ այնքան հայ ժողովրդի, որքան բոլոր այն երկրների դեմ, որոնք մասնակցել են և միլիոնավոր մարդկանց կյանքի գնով հաղթել են Երկրորդ աշխարհամարտում և Հայրենական մեծ պատերազմում, առաջին հերթին` Ռուսաստանի:

Սակայն ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի ղեկավարությունը ցանկացած առթով խոսում է Նժդեհի մասին, օգտագործում է ցանկացած հնարավորություն հարձակումների համար: Մինչդեռ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բոլոր բնակավայրերում պղծվել են Հայրենական մեծ պատերազմի գրեթե բոլոր հուշարձանները: Ամենալկտի գործողություններից մեկը հուշարձանի պղծումն էր Ավետարանոց գյուղում: Մենք մեր պարտքն ենք համարում մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վանդալիզմի և նեոֆաշիզմի այս դրսևորումների վրա»,- ասաց Դավիթ Բաբայանը: