Եվրախորհրդարանը քվեարկել է Պուչդեմոնին անձեռնմխելիությունից զրկելու օգտին
Եվրախորհրդարանի պատգամավորները մարտյան լիագումար նիստում քվեարկել են Կատալոնիայի նախկին վարչապետ, եվրապատգամավոր Կառլես Պուչդեմոնին, ինչպես նաև Եվրախորհրդարանի ևս երկու պատգամավորների՝ Թոնի Կոմինին և Կլարա Պոնսատիին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին, որոնց դեմ Իսպանիայում գործեր են հարուցվել 2017 թվականին Կատալոնիայում անօրինական հանրաքվե անցկացնելու մեղադրանքով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Մասնավորապես՝ Պուչդեմոնին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին է քվեարկել 400 պատգամավոր, 248-ը դեմ է հանդես եկել այս որոշմանը, 45 պատգամավոր ձեռնպահ է մնացել:
Ավելի վաղ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին էր քվեարկել իրավական հարցերիով խորհրդարանական կոմիտեն: Ընդ որում՝ նրանք պատգամավորական մանդատից չեն զրկվում: Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկումը կարող է շրջվել Բելգիայի դատարաններում Կոմինին և Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու հարցման քննարկման վերսկսմամբ: Պոնսատիի դեպքով պետք է զբաղվի բրիտանական արդարադատությունը, քանի որ նա բնակվում է Մեծ Բրիտանիայում:
Պուչդեմոնը, ինչպես նաև նրա կառավարության մի քանի նախկին անդամներ Իսպանիայից հեռացել էին 2017 թվականի հոկտեմբերին Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախության անօրինական հռչակումից անմիջապես հետո: Այնուհետև նրանց նկատմամբ հայտարարվել էր ազգային և եվրոպական հետախուզում: 2019 թվականի մայիսին Պուչդեմոնը, Կոմինը և Պոնսատին ընտրվել էին Եվրախորհրդարանի պատգամավոր:
2020 թվականի հունվարին Իսպանիայի Գերագույն դատարանի նախագահ Կառլոս Լեսմեսը հարցում էր ուղարկել Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլիին՝ եվրապատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին: Գերագույն դատարանը հայտնել էր, որ նրանց դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
Գործը փոխանցվել էր իրավական հարցերով կոմիտեի քննարկմանը: Բուլղարացի եվրապատգամավոր Անգել Ջամբազկիի պատրաստած զեկույցում հանձնարարվում էր նրանց զրկել անձեռնմխելիությունից, քանի որ Իսպանիայի դատարանի կողմից քննվող գործողությունները իրագործվել են մինչև նրանց ԵԽ պատգամավոր ընտրվելը և կապված չեն նրանց պատգամավորական գործունեության հետ:
Այս տարվա հունվարին Բելգիայի դատարանը վերջնականապես մերժել էր Պուչդեմոնի կառավարության ևս մեկ նախկին անդամ Լուիս Պուչի Իսպանիա արտահանձնումը, տեղեկացնում է News.am-ը: