ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԿԱՊԱՆԻՑ. ԱԱԾ-Ն ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՀԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Մարտի 7-ին մի շարք տելեգրամ-ալիքներ ու ԶԼՄ-ներ հաղորդագրություն տարածեցին այն մասին, որ ադրբեջանցիները շրջում են Սյունիքի մայրաքաղաք Կապանում հայկական համարանիշով ավտոմեքենաներով՝ նկարահանելով տեղանքն ու ակտիվորեն մեկնաբանելով իրենց գործողությունները: Անհավանական թվացող այդ տեղեկության արժանահավատության վերաբերյալ հնարավոր կասկածներն ամբողջությամբ փարատեց կցված տեսանյութը՝ մոտ 9 րոպե տևողությամբ։ Տեսանյութի իսկությունը շուտով հաստատեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ն ճշտեց, որ տեսանյութը Կապան համայնքի Սյունիք-Ճակատեն հատվածի բնակավայրերում նկարահանել են ադրբեջանցի զինծառայողները, որոնք այնտեղ էին գտնվում դեռևս մեկ ամիս առաջ կազմակերպված եռակողմ աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով, ռուս սահմանապահների ուղեկցությամբ համաձայնեցված տեղաշարժի ժամանակ: «Հետագա շահարկումներից խուսափելու համար» ասվում էր, որ «հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, ներկա փուլում էլ սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ են իրականացվում ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Շուռնուխ-Դավիթ Բեկ հատվածում»:

Հաղորդագրության ապոթեոզը տողերն էին այն մասին, թե «լրատվամիջոցներում և սոցիալական տարբեր ցանցերում վերջին օրերին տեղ գտած և հանրության շրջանում անհարկի անհանգստություններ ձևավորող լուրերը դարձյալ չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը վստահեցնում է, որ սահմանապահ զորքերի կողմից հիշյալ բոլոր տարածքներում իրավիճակը լիովին վերահսկվում է»: Այսինքն՝ հաստատելով, որ թշնամական պետության ներկայացուցիչները, որոնց հետ դեռևս 4 ամիս առաջ արյունահեղ պատերազմ էր ընթանում, հանգիստ շրջում են Հայաստանի Հանրապետության տարածքում, ԱԱԾ-ն այդուհանդերձ համարում է «լուրերը» իրականությանը չհամապատասխանող, իսկ հանրության անհանգստությունը՝ անհարկի։ Ասես, նշանակություն չունի՝ դա մեկ ամիս առաջ է եղել, թե երեկ։

Ռազմական փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ այդ կապակցությամբ արել է մի քանի հարցադրումներ.

1. Ի՞նչ աշխատանքային հանդիպում է եղել մեկ ամիս առաջ՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, ինչո՞ւ այս մասին պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչի՞ շուրջ է եղել հանդիպումը, ի՞նչ արդյունք է դա ունեցել։

2. Ինչո՞ւ է աշխատանքային հանդիպման շրջանակներում ԱԱԾ-ն թույլատրել ադրբեջանցիներին նկարահանումներ իրականացնել մեր տարածքում։ Եթե նման թույլտվություն չի եղել, սակայն նկարահանել են՝ շատ ավելի վատ։

3. Որտե՞ղ է եղել աշխատանքային հանդիպումը և ո՞վ է թույլատրել մեր տարածքով թշնամիների շարժը։

4. Արդյոք հայկական կողմը հնարավորություն ունի/եր նմանատիպ շարժեր իրականացնել Ադրբեջանի Հանրապետության տարածքում ու եթե այո, ապա արդյոք ունեցե՞լ ենք ադրբեջանցիների տարբեր նշանակության օբյեկտների տեսանկարահանում իրականացնելու հնարավորություն։

Հարցադրումներն Աբրահամյանի կողմից արվել են մարտի 7-ի առավոտյան. երկու օր անց պատասխան դեռևս չկա։ Իրավիճակի լրջության աստիճանը դժվար է գերագնահատել, սակայն 100-տոկոսանոց վստահությամբ կարելի է պնդել, որ դրանք այդպես էլ չեն հաջորդելու։ Իսկ մեզ մնում է միայն կրկին գուշակել. դա միտումնավո՞ր է արվել, թե՞ ԱԱԾ-ում իրոք չեն գիտակցում սեփական հաղորդագրության ողջ տխմարությունը։

Հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները, առաջինը, իհարկե, շատ ավելի հավանական է։ Այն է՝ իշխանությունները մեզ նախապատրաստում են ոչ պակաս դրամատիկ զարգացումների, քան Արցախի տարածքի գրեթե 75%-ի հանձնումը, բայց արդեն բուն Հայաստանի պարագայում։ Այդ մասին խոսում, աղաղակում ու զգուշացնում են գրեթե բոլոր քաղաքագետներն ու քաղաքական գործիչները: Փաշինյանը համաձայնել է Ալիևին հանձնել Սյունիքի միջանցքը։ Մարտի 7-ին ԱԱԾ-ն դա փաստացի հաստատեց, քանզի ուրիշ ի՞նչ կարող են նշանակել ադրբեջանական զինվորականների ազատ տեղաշարժն ու տեսանկարահանումը ինքնիշխան Հայաստանի տարածքում, որի նկատմամբ Ադրբեջանի ղեկավարն անթաքույց, ամպագոռգոռ, ամենօրյա ռեժիմով նկրտումներ է արտահայտում՝ հակադարձման մի բառ անգամ չստանալով հայկական իշխանություններից։

ԱԱԾ-ն հաստատում է նաև այն տեղեկությունները, որ գոյություն ունի Փաշինյանի կողմից ստորագրված գաղտնի փաստաթուղթ։ Խոսքը, հիշեցնեմ, փետրվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հուշագրի վերաբերյալ Հրանտ Բագրատյանի աղմկահարույց հայտարարության մասին է։ Համացանցում հրապարակված փաստաթղթի առաջին կետով, որը Փաշինյանն ու իր թիմը գաղտնի են պահում ժողովրդից, Ադրբեջանին են փոխանցվել Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) մեր դիրքերը, ինչը նախատեսված չէր նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ, երկրորդ կետը կարգավորում Է Գորիս-Դավիթ Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածներում անվտանգ երթևեկության հարցը:

Ի պատասխան՝ Տիգրան Ավինյանը խոստովանեց, որ բացի հայտնի հայտարարություններից և փաստաթղթերից, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի վերաբերյալ, որն անցնում է «վիճելի տարածքներով»: Մեկ ամիսն էլ չլրացած՝ ի հայտ եկան բազմաթիվ ապացույցներ, որ «վիճելի հատվածների» հարցը լուծվում է բացառապես ի վնաս Հայաստանի շահերի։ Ընդ որում կա ևս մեկ հանգամանք, որը հաստատում է նման պնդումների հիմնավորվածությունը և նույնպես կապված է ԱԱԾ-ի հետ։

Փետրվարի 10-ին, այսինքն հենց այն ժամանակ, երբ, ըստ ԱԱԾ-ի հայտարարության, ադրբեջանցիների կողմից կատարվել է Կապանի տեսանկարահանումը, գերատեսչությունը հանդես եկավ նախազգուշացմամբ՝ սահմանափակելով հայկական լրատվամիջոցների մուտքը Սյունիքի մարզ։ Մասնավորապես, նշվում էր, թե հաշվի առնելով ստեղծված օպերատիվ իրավիճակը և անվտանգության նկատառումները, լրագրողներին անհրաժեշտ է Սյունիքում իրենց աշխատանքը համաձայնեցնել ԱԱԾ մարմինների հետ: Պարզ ասած՝ ստանալ սեփական երկրի տարածքում մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն։

Այսպիսով, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ընդունում է, որ.

1) գոյություն ունի ինչ-որ փաստաթուղթ կամ բանավոր պայմանավորվածություն, համաձայն որի հասարակությունից գաղտնի եռակողմ հանդիպումներ են անցկացվում ռուսական և ադրբեջանական կողմերի հետ,

2) հանդիպումներն անցկացվում են Սյունիքի տարածքում և վերաբերում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան սահմաններին,

3) հանդիպումների ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները (ամենայն հավանականությամբ՝ զինվորականներ) հնարավորություն ունեն ոչ միայն անարգել շրջել ՀՀ տարածքում, այլև ազատ, առանց որևէ սահմանափակումների, տեսանկարահանել: Այսինքն՝ անել այն, ինչի համար ՀՀ քաղաքացի հայ լրագրողները պետք է թույլտվություն ստանան հատուկ ծառայություններից։

Վաղուց ժամանակն է վերանվանել ԱԱԾ-ն ազգային վտանգվածության ծառայության. այդ մասին խոսում ու գրում են վաղուց։ Ցանկացած երկրի համար կարևորագույն գերատեսչությունը Նիկոլ Փաշինյանի ժամանակների Հայաստանում դարձել է ոչ թե պետության, այլ առանձին վերցրած անձի շահերի պահապան շունը, հլու-հնազանդ կատարելով նրա բոլոր զառանցալի քմայքները, իսկ գլխավորը՝ հակապետական պայմանավորվածությունները։ Ավելին, ԱԱԾ-ն ոչ միայն չի ապահովում պետության և ժողովրդի ազգային անվտանգությունը, այլև իր հայտարարություններով ակնհայտորեն ձգտում է բթացնել հասարակայնության զգոնությունը և դրանով իսկ նպաստել թե՛ ներքին, թե՛ արտաքին թուրքի հակահայկական բոլոր ծրագրերի ու նկրտումների անարգել իրականացմանը։